Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյանը կշարունակի մնալ կալանավորված. «Փաստինֆո»

Փետրվար 08,2024 16:59

«Փաստինֆո». ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կշարունակի մնալ կալանավորված։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել Մանուկյանի կալանավորման ժամկետը՝ երեք ամսով, իսկ պաշտպանների միջնորդությունը՝ Մանուկյանի կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին՝ մերժեց։

Նշենք, որ քրեական գործն ավելի վաղ գտնվում էր դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթում, սակայն վերջինս հունվարին ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ գործով մեղադրյալ Սուրեն Մանուկյանն իրեն զրպարտել է՝ իր վարույթում գտնվող գործի հետ կապված, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ինքը ճանաչվել է տուժող, ինչի արդյունքում Սուրեն Մանուկյանի հետ ունի հակադիր անձնական շահեր։ Այժմ քրեական գործը վերամակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին, որի նախագահությամբ առաջին դատական նիստը կայացել է այսօր։

Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող միջնորդեց երկարացնել Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ պնդելով, որ դեռևս առկա են կալանավորման հիմքերը։ Պաշտպաններն էլ միջնորդել են փոխել Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը։ Պաշտպան Ռաֆիկ Մելքոնյանը նաև բարձրացրեց հարց՝ կապված հօգուտ մեղադրյալի ապացույցները չկցելու հետ։ Նրա խոսքով՝ ըստ մեղադրական եզրակացության՝ վկայակոչված է Գրիշա Քոքոբելյանի միայն վերջին՝ երրորդ ցուցմունքը, որը կարող է որոշակիորեն հիմք ծառայել, որ Մանուկյանը հնարավոր է, գուցե, առնչություն է ունեցել արարքին, սակայն նույն տուժողն ավելի վաղ տվել էր երկու ցուցմունքներ, որոնցով նման կասկածանքի հիմք տվող տվյալ չի հաղորդվել։

Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Մանուկյանի կալանքը։

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե մեկ այլ գործով որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Մանուկյանի մեղադրանքը լրացվել է, այժմ նրան մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափերի շորթումը:

Քրեական գործով Սուրեն Մանուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829