Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկած ունեմ, որ նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան են պահանջում այդ փոփոխությունները։ Նրանք չպահանջեին էլ, սա մոգոնելու էր»․ Հրանտ Բագրատյան

Փետրվար 08,2024 16:55

«Փաշինյանի գործունեության լեյտմոտիվը այլևս ոչ թե ՀՀ-ին մի բան անելն է կամ վնասելն է Արցախին, այլ նրա գործունեության առանցքը հակառուսականությունն է, լայն շփումներն են Արևմուտքի հետ»,-150 հազար հայերի ոտնահարված իրավունքների պաշտպանության օրակարգով հրավիրված կլոր սեղանի  քննարկումների ժամանակ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ մենք ոչ մի Արցախ էլ հետ բերել չենք կարող, եթե չլինեն աշխարհաքաղաքական ուժեր դրա հետևում կանգնած․ «Ես համարյա չեմ տեսել եվրոպական գործիչ, որը չասի՝ Արցախը մոռացեք, դա լուծված հարց է՝ բացի ռուսներից։ Ռուսներից էլ գոհ չենք․ իրենց խաղաղապահ ֆունկցիան լավ չեն կատարել։ Եվ ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ հարում այդ հակառուսական թևին, որովհետև դա պահանջում է Արևմուտքը։ Արևմուտքն ասում է՝ քշի այդտեղից ռուսներին, պարսիկներին, դու շանս կստանաս մեզնից տիրելու հավերժ»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ կոմպլիմենտարության ժամանակն անցել է․ չի կարելի լավ լինել և′ արևմուտքի, և արևելքի հետ։ Նրա համոզմամբ՝ պիտի հասկանանք, որ Արցախի հարցը աշխարհաքաղաքական խնդիր է, և ինքներս լուծել չենք կարող։

Անդրադառնալով ՀՀ իշխանության այն քաղաքականությանը, որ հորդորում է արցախցիների ստանալ ՀՀ քաղաքացիություն, Հրանտ Բագրատյանը հիշեց, որ երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ հանդիպել է արցախցիների, որոնք եկել էին և հանդիպում էին պահանջում իրենց թոշակների հետ կապված․ «Մարդը կանգնած է, ձեռքին անձնագիր կա։ Ինչ-որ մի խելագար հայտարարում է, որ նրանք պետք է անցնեն ՀՀ քաղաքացի դառնալու գործընթացը ինչ է, թե անձնագրի վրա գրված է 007 կոդը։ Իմի վրա էլ 03, 04 կոդն է, հետո՞։ ՀՀ-ն իր տված անձնագիրն ասում է՝ հետ տուր ինձ, մինչդեռ Ադրբեջանն ասում է, որ ես քեզ անձնագիր կտամ»։

Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ մի բան մոգոնում է, որ գրգռի ՀՀ քաղաքացիներին․ «Այդպիսին սահմանադրական փոփոխություններն են։ Ի՞նչն է փոխում, ինչո՞ւ։ Հայտարարում է, որ մեր օրհներգում կա «թշնամի» բառ, որն անընդունելի է։ Օրհներգի երրորդ քառյակը եռագույնի մասին է։ Բացում եմ Ադրբեջանի օրհներգը․ հարյուր անգամ նշվում է, որ իրենց դարավոր պատմության ընթացքում ինչպես են իրենց հերոսները այդ դրոշակը ձեռքներին պայքարել։ Ես կասկած ունեմ, որ նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան են պահանջում այդ փոփոխությունները։ Նրանք չպահանջեին էլ, սա մոգոնելու էր»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ պետք է միասնական ճակատ ստեղծել։

Անդրադառնալով Երևանի ընտրություններին՝ նա ասաց․ «Ասում էի՝ կգնաք, կպարտվեք, ո՞ւր ես մեյդան ընկել․ դաշինք եմ ստեղծում։ Զոռով 7 տոկոսանոց քաղաքական ուժին նորից բերեցին, դարձրին քաղաքապետ։ Մենք հանդես կգանք հայտարարությամբ»։

Նա առաջարկեց սահմանադրական խոչընդոտն անցնել միասնական։ Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումները մտածված են ՀՀ սահմաններից դուրս։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829