Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետը վստահ է՝ կլինեն մարդիկ, որոնց համար տրանսպորտը նույնիսկ էժանանալու է․ «Դուք մեկ քայլից ավել չեք մտածում»․ դերասանուհին արձագանքում է տրանսպորտի թանկացմանը

Փետրվար 08,2024 16:30

«Սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում։ Դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Եթե այդպես շարունակեք, ապա ժողովրդի հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է»,-այս մասին սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութով հայտարարել է դերասանուհի Լալա Մնացականյանն՝ անդրադառնալով Երեւանի տրանսպորտի թանկացման՝ քաղաքային իշխանության նախաձեռնությանը։

Մնացականյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ շատերը, այդ թվում նաեւ՝ ինքը, պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ․ «Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքին կանգնած գոռում էին թանկացման դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, թե այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը, ինչպես կարելի է թանկացնել, իսկ հիմա մենք շատ լավ տրանսպորտ ենք բերել, պետք է թանկանա, որովհետեւ դուք օգտվում եք շատ լավ տրանսպորտից։ Այն ժամանակ էլ մարդիկ խցկված, իրար վրա դարսված երթեւեկում էին, հիմա էլ նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Փոխվել է ընդամենը ինչ-որ մի գեղեցիկ, պուպուշ տրանսպորտ, որտեղ մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին եւ խցկված հասնում են տեղ»։

Դերասանուհու խոսքով՝ կարելի է ամեն ինչ պատճառաբանել ու ասել, որ սա ժողովրդի համար է արվում․ «Հա, մեզ համար եք անում, բայց դուք եք որոշել բերել այդ տրանսպորտը, այդ պարագայում ինչո՞ւ պետք է մենք վճարենք։ Ես լսում եմ բոլորի հարցազրույցները, նկատե՞լ եք՝ կոնկրետ գին չեն ասում։ Ստացվում է՝ մարդը, որը ստանում է 100 հազար դրամ, ունի երկու երեխա, որոնք սովորում են դպրոցում կամ բուհում, այդ մարդը աշխատավարձի ուղիղ կեսը պիտի տա տրանսպորտին։ Եթե հիմա դուք ասում եք՝ 250 դրամ է ուղեվարձը լինելու, հետո սարքելու եք 500 դրամ, որովհետեւ պատճառաբանելու եք, որ հիմա էլ ավելի լավ տրանսպորտ եք բերում»։

Մնացականյանը նաեւ մտավախություն հայտնեց, որ տրանսպորտի թանկացման այս խնդրով իշխանությունը փորձում է հասարակությանը շեղել շատ կարեւոր հարցերից։

Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրային տրանսպորտի թանկացմանը եւ դրա դեմ քաղաքացիների բողոքներին, ասել է․ «Այն որոշումները, որոնք ընդունում ենք, ուղղված են նրան, որ հանրային տրանսպորտը էականորեն պետք է արտոնություն ստանա, ունենա առանձնացված գծեր, պետք է լինի միասնական տոմսային համակարգ։ Երբ ասում են՝ թանկացնում եք, ամեն մարդ պետք է հասկանա՝ ինքը շաբաթական կամ ամսական տոմսը երբ գնում է եւ համեմատում է իր այսօրվա ուղեւորափոխադրման հետ, իր համար թանկանո՞ւմ է, թե նույնիսկ՝ էժանանում։ Ես վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնց համար էժանանալու է»։

Ավինյանը նշել է, որ որոշ խմբերի համար կլինեն արտոնություններ։

Տիգրան Ավինյան

Դիտարկմանը, որ Հայկ Մարությանը հայտարարել է, որ կարելի է նոր ավտոբուսներ բերել, տրանսպորտի վիճակը բարելավել, բայց ուղեվարձը քաղաքացու համար չթանկացնել, Ավինյանը պատասխանել է․«Իրեն ցիտելով մեկ անգամ եւս ամուր վստահություն եք ներշնչում, որ նրան, որպես ավագանու անդամ, հեռացնելը ճիշտ է եղել, որովհետեւ այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից»։ Ավինյանը վստահեցրել է, որ այստեղ ինքը անձնական վրեժխնդրություն չունի։

Ավինյանին լրագրողները հիշեցրել են, որ Մարությանը չթանկացնել ասելով՝ նկատի ուներ, որ պետական սուբսիդիայով դա արվի։ Ի պատասխան Ավինյանն ասել է՝ սուբսիդավորումը էլի քաղաքացու գրպանից է լինում, իսկ եթե ոչ թե մայրաքաղաքի, այլ պետական բյուջեից սուբսիդավորման մասին է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սյունիքի բնակիչը պետք է սուբսիդավորի երեւանցու ուղեւորությունը։

«Տրանսպորտի վրա ինչ-որ գումար ենք ծախսում՝ նոր ավտոբուսներ, տրոլեյբուսներ ենք գնել, այդ բոլորը՝ սպասարկումն էլ միասին հավելյալ 7 միլիարդ դրամ է նստել քաղաքապետարանի վրա՝ ամբողջ ցանցի սուբսիդավորումը։ Իսկ քաղաքի բյուջեն երեւանցու վճարած տուրքերից է ձեւավորվում»,-նշել է քաղաքապետը։

«Մենք դեռ վերջանական քննարկում չենք արել չափաբաժնի հետ կապված, որովհետեւ դա կապված է նրա հետ, թե ավելի մեծ արտոնությունների փաթեթ ենք սահմանելու, թե՞ փորձելու ենք ընդհանուր գինը ավելի նվազ սահմանել ու ավելի փոքր արտոնություններ սահմանել»,-վստահեցրել է Ավինյանը։

Նա նաեւ վստահեցրել է, որ այս տարի 30 ավտոբուս արդեն ժամանել է, եւս 170 ավտոբուսի մրցույթը կայացել է, շուտով հաղթող ընկերության հետ կկնքվի պայմանագիր․ «Ամենայն հավանականությամբ, ամռան վերջին կունենանք եւս 170 նոր ավտոբուսներ: Հուսով եմ, որ այդ ժամանակ մենք կունենանք հանրային տրանսպորտի համար շատ ավելի շատ առանձնացված գծեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829