Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դուք թրենդներին չե՞ք հետեւում, էդ որ նոր iPhone է դուրս գալիս, բոլորն ինչի՞ են ուզում ձգտեն էդ նոր iPhone-ին». Սուքիասյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Փետրվար 08,2024 16:17

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրության, Անկախության հռչակագրի, ամրագրված ուղենիշների մասին: Ըստ Փաշինյանի, չկա քաղաքացու եւ Սահմանադրության կապը, մարդիկ չեն համարում, որ դա իրենցն է, օրհներգում «թշնամի» բառը կա եւ այլն:

Aravot.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին հարցրեց՝ Դո՞ւք էլ եք որպես քաղաքացի անհաշտ մեր Սահմանադրության հետ, մեր օրհներգի, զինանշանի հետ՝ նա պատասխանեց. «Դուք կարծիք եք հայտնում՝ անհաշտություն: Վարչապետն ասում է՝ խզվել է կապը, Սահմանադրությունը պետք է փոխվի, նոր ժամանակներին համահունչ դարձվի: Բա դուք թրենդներին չե՞ք հետեւում, ցանկացած մարդ հետեւում է, բա էդ որ նոր iPhone է դուրս գալիս, բոլորն ինչի՞ են ուզում ձգտեն էդ նոր iPhone-ին»:

Մեր դիտարկմանը՝ Սահմանադրությունը ախր iPhone չի, ինստիտուցիոնալ հիշողություն կա, անցյալի հետ կապ կա, ո՞նց է հնարավոր հրաժարվել՝ նա պատասխանեց. «Ես նկատի ունեմ՝ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել, օրինակ, ինքներդ լավ գիտեք, որ առաջին 7 ՀՆԱ ունեցող պետությունները վերջին մի քանի տարում փոխվել են, այպիսի պետություններ են եկել, որը կյանքում չէիք երազի կամ չէիք պատկերացնի: Նոր իրողությո՞ւն է, թե՞ ոչ: Իհարկե, նոր իրողություն է: Պարոն Փաշինյանը նկատի է ունեցել, որ աշխարհաքաղաքական այս նոր իրողությունների արդյունքում…օրինակ, Շվեդիան, կյանքում կմտածեի՞ք, որ 40-50 տարի չի ուզեցել ՆԱՏՕ-ի անդամ դառնա, իսկ հիմա…Սրանք բոլորը փոփոխություններ են, որ պետք է հաշվի առնես՝ որպես իրողություն ու դրանից բխող՝ դու պետք է ամեն ինչ քո երկրում կառուցես այսօրվա ժամանակին եղած իրավիճակին: Իհարկե, ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ստեղծած Սահմանադրությունը, որովհետեւ այն ժամանակվա իրողությանը համահունչ է եղել: Մենք հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի: Դուք 20 տարի առաջ չգիտեիք չէ՞, որ արեւային պանելներ կան, բա ինչի՞ եք հիմա ձեռք բերում»:

Հարցրեցինք՝ այդ իրողությունները միայն մե՞զ են առնչվում, բա Ամերիկան ինչի՞ ձեր ասած իրողությունները հաշվի առնելով՝ իր Սահմանադրությունը չի փոխում՝ Սուքիասյանը պատասխանեց. «Որովհետեւ դուք որպես լրագրող պետք է հասկանաք՝ Ամերիկան՝ Ամերիկա է, Հայաստանը Ամերիկա չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829