Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Բագրատ Սրբազանի ուղեկցությամբ այցելել, տեսել ենք այն բնակավայրերը, որոնք ձեր համար, իհարկե, հայրենիք չեն, բայց մեր համար հայրենիք են եւ որոնք առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին»

Փետրվար 08,2024 15:09

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իր, Էդգար Ղազարյանի եւ Անժելա Թովմասյանի՝ օրերս Տավուշ կատարած այցի ընթացքում իրենց տեսածի եւ պատմածների շուրջ իշխանության ներկայացուցիչների բարձրացրած աղմուկին՝ ասաց. «Մենք Բագրատ Սրբազանի ուղեկցությամբ այցելել, տեսել ենք այն բնակավայրերը, որոնք ձեր համար, իհարկե, հայրենիք չեն, բայց մեր համար հայրենիք են եւ որոնք առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին: Հիմա ինչ էլ անեք, փաստ է, որ 30 տարվա բանակցային որեւէ փուլում, բանակցային որեւէ փաթեթում Տավուշի յոթ գյուղերը, որոնք անվանում ենք անկլավներ, եւ Տիգրանաշենը չեն եղել բանակցային սեղանին: Արցախը հանձնող, Հայաստանը հանձնել պատրաստվող այս իշխանությունը Տավուշի յոթ գյուղերը՝ բնակավայրեր, որոնք Հայաստանի անվտանգության գոտիներն են, առաջիկայում «կարմիր բանտիկով», դրան էլ գումարած՝ Տիգրանաշենը, որը մեր ամենաառանցքային ռազմավարական հենակետերից մեկն է, հանձնելու է Ադրբեջանին:

Հիմա սրա դեմ ի՞նչ եք ասում, ի՞նչը ձեր դուրը չի եկել: Որ մենք ասում ենք՝ ժողովուրդ, ոտքի կանգնեք, ժողովուրդ, եթե հանձնվեցին այդ բնակավայրերը Տավուշի հատվածում, այստեղ էլ Տիգրանաշենը Արարատյան դաշտավայրում, մի փնթի սահմանապահ ադրբեջանցի մաքսակետ է դնելու, օրինակ, Հայաստան-Վրաստան մայրուղում եւ որոշելու է՝ Նաիրա Զոհրաբյանին թույլ տա՞լ գնալ Վրաստան, թե՞ գերեվարել, ինչպես արեցին Հակարիի կամրջի ժամանակ: Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր որեւէ վտանգ չկա եւ ըստ նոյեմբերի 9-ի պայմանագրի, քաղաքացիների եւ տրանսպորտի ազատ երթեւեկությունը ապահովված է լինելու:

Ում ուզեցին՝ բռնեցին, գերեվարեցին: Չեմ խոսում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի մասին: Մի քանի օրից լրանալու է չորսամսյա կալանքի ժամկետը: Եվ դատելով Ալիեւի վերջին հայտարարությունից, որ նրանք պիտի մնան Բաքվի բանտում՝ ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը եւս չորս ամսով երկարաձգեցին, եւս չորս ամսով կերկարաձգեն Արցախի նախագահների եւ ռազմաքաղաքական էլիտայի կալանքի ժամկետը: Կրկնում եմ. մեր հայրենիքը վտանգի տակ է: Նիկոլ Հանձնողը, Նիկոլ Հանձնիչը հանձնում է այն ամենը, ինչ պահանջում է Ալիեւը:

Սիմվոլիկան շատ կարեւոր է: Երբ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Թուրքիայում Ալիեւին սիմվոլիկ կացին հանձնեց , նրա ելույթում ակնարկ կար, որ այդ կացինը ուղղված պետք է լինի հայ ժողովրդի դեմ: Սիմվոլիկայի առումով դա այն կացինն էր, որով Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց խաղաղ քնած սպա Ռուբեն Մարգարյանին: Ես տպավորություն ունեմ, որ այդ կացինը փոխանցված է այս իշխանությանը, որ կացնահարի Հայաստանը վերջնականապես:

Այն, ինչ երեկ հնչեց ԱԺ ամբիոնից, զարհուրելի էր: Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանի 3-րդ Հանրապետության ղեկավարն է, հայտարարեց. «Էս Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում: Սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է…»: Պատկերացնում ե՞ք. սա ամենազարհուրելի հայտարարությունն է: Պատմության մեջ չկա դեպք, որ ամենավերջին բռնակալը անգամ իր երկրին ասի «էս», հետո, թե սա հայրենիքի մնացորդ է: Նիկոլ, դու ես մեզ թողել հայրենիքի մնացորդ: Հիմա դու պիտի հեռանաս, որ մենք կարողանանք գոնե «հայրենիքի մնացորդի» վրա վերականգնել մեր հայրենիքը:

Այս հայտարարությունից հետո պետական կառույցները պիտի դուրս գային փողոց: Բայց այսօր մենք տեսնում ենք հանդարտ ապրող հասարակություն, որին այլեւս ոչինչ չի հետաքրքրում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայի միջից հանեց հային»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829