Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն