Լրահոս
Օրվա լրահոսը

Հողատարածքների իրացման համար կեղծ աճուրդներ էին կայացրել, կոնկրետ անձանց տրամադրվել էին կեղծ փաստաթղթեր․Կոտայքի նախկին մարզպետի որդու ՝ հողատարածք ձեռք բերելու պայմանագիրը անվավեր է ճանաչվել

Փետրվար 08,2024 14:29

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց Կոտայքի մարզի Ծաղկաձորի Արտավազ բնակավայրի հողը ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գլխավոր դատախազի հայցի հիման վրա է կայացվել վճիռ, որի արդյունքում նշված հողը վերադարձվել է պետությանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց գործընթացի պատմությունը․«Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը 2023 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարել է գլխավոր դատախազության հայցապահանջը, որով անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիս 26-ին կայացած աճուրդը՝ որպես հետեւանք անվավեր է ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձի (Կովալենկո Շահգալդյան, Ն․Բ․) եւ նրա խորհրդականի (Կարեն Մարգարյան, Ն․Բ․) միջեւ 2007 թվականի մայիս 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Դրա հիման վրա կատարված Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 24 հազար քմ հողամասի նկատմամբ մարզպետի խորհրդականի սեփականության իրավունքի գրանցումը, մարզպետի խորհրդականի, ով հետագայում նշանակվել է մարզպետի տեղակալ եւ նախկին մարզպետի որդու միջեւ 2015 թվականի հոկտեմբերին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա նախկին մարզպետի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռով 46,9 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 24, 993 քմ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»։

Վարդապետյանի ներկայացմամբ՝ 2007 թվականի կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերից 558,800 քմ եւ Հրազդան համայնքի անտառային հողից 364,800 քմ-ն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել էր համայնքին․ «Այնուհետեւ Կոտայքի մարզպետարանի եւ Հրազդանի քաղաքապետարանի կողմից հողատարածքների իրացման վերաբերյալ կեղծ աճուրդներ էին կայացվել եւ կոնկրետ հողատարածքներ ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց տրամադրվել էին կեղծ փաստաթղթեր, ինչն էլ հնարավորություն էր տրվել նրանց անվամբ գրանցել հողատարածքը: 2019-ի հոկտեմբերին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Կոտայքի նախկին մարզպետի, աշխատակազմի հողաշինության, հողօգտագործման բաժնի պետի, նույն բաժնի գլխավոր մասնագետի, գլխավոր հաշվապահի, այն ժամանակվա քաղաքապետի, Հրազդանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով չիրականացնել քրեական հետապնդում, վարույթը կարճել։ Հետո դատախազությունը 14 քաղհայց է ներկայացրել, որից 6-ը բավարարվել է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ Չարենցավանի նախկին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829