Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից»

Փետրվար 08,2024 14:02

Սահմանադրական դատարանը փետրվարի 6-ին աշխատակարգային որոշմամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը կսկսի 2024 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին:

Զեկուցողն է դատավոր Է. Շաթիրյանը, պատասխանողները երկուսն են՝ ՀՀ Ազգային ժողովը եւ Բարձրագույն դատական խորհուրդը: Այն ընթանալու է գրավոր ընթացակարգով:

Ծանր քրեական գործերով հայտնի դատավորը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է. « Խախտումների տեսականին, որը մատուցվեց իմ գործով ԲԴԽ վեցնյակի կողմից՝ շատ բազմազան է ու բնականաբար, գայթակղությունը մեծ էր դրանք վիճարկելու, սակայն մեծ մասը ենթակա է գնահատման ու վիճարկման այլ ատյաններում և ընթացակարգերով։ Իսկ Սահմանադրական դատարանի առջև բարձրացվել է ոլորտի միակ իրավակիրառողի` ԲԴԽ-ի կողմից նորմերին` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ այն հարցերը, որոնք մեր տեսակետից առերևույթ հակասահմանադրական են:

ա) Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից.

Այն պայմաններում, երբ դատավարության բոլոր օրենսգրքերով արգելված է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառումը դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների` դատախազների, փաստաբանների նկատմամբ, և՝ կամ արգելվում է ցուցմունք տվող վկայի նկատմամբ, դեռ ավելին` այլ անձանց, մեղադրյալների նկատմամբ կիրառվելու դեպքում նախատեսվում է պարտադիր տևողություն, պարտադիր արտահայտվելու հնարավորության ընձեռում, փաստաբանի պարտադիր մասնակցության ապահովում, ապա որքանով է սահմանադրական դրա կիրառումը դատավարության մասնակից դատավորների նկատմամբ (հատկապես, երբ չի ապահովվում փաստաբանի ներկայություն, դատավորը չի տվել բացատրություն, չի ներկայացրել նյութեր, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը, ելույթ չի ունեցել և այլն):

բ) Արդյոք կարելի է իրականացնել դռնփակ դատավարություն բացառապես «արդարադատության շահի պաշտպանության» վկայակոչմամբ` դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու պատրվակով, եթե առկա չեն օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների, շահերի (օրինակ` նախաքննական, դատավարության մասնակիցների անձնական, ընտանեկան գաղտնիքների, շահերի և այլն) պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն կամ՝ նպատակ:

Սահմանադրական դատարանն, ըստ էության, նշված հարցերի վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել»:

Հիշեցնենք, որ դիմումը դատարան էր ներկայացվել հունվարի 3-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829