Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Զեյթունի հանրակացարանի խնդրին։
Այս հանրակացարանում բնակվող 200-ից ավելի ուսանողներին տեղեկացրել են, որ մեկ ամսից պետք է դուրս գան։
Նախարարն ասաց, որ Զեյթունի հանրակացարանը պետք է վերանորոգվի․ «Նախարարությունը չի որոշել որեւէ մեկին վերաբնակեցնել։ Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում։ Այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա, պետբյուջեով նախատեսված է Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, եւ արդեն պետք է սկսվի շինարարությունը։ Գործընթացը կկազմակերպվի այնպես, որպեսզի նաեւ ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»։
Թե այդ ընթացքում ուսանողները որտեղ են ապրելու, նախարարն ասաց՝ այս պահին ժամկետների հարց չի դրվել, ուսանողների կեցության հարցերը առանձին են քննարկվում, ամեն ուսանողի դեպքում կլինի հնարավորություն․ «Մենք պետք է կարողանանք հնարավորինս ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել, որպեսզի ընթացիկ խնդիրներ չառաջացնենք»։
Կարդացեք նաև
Նախարարը վստահեցրեց՝ հանրակացարանը վերանորոգումից հետո շարունակելու է ծառայել որպես հանրակացարան, լինելու են հարմարավետ պայմաններ։
Հարցին՝ եթե ակադեմիական քաղաք է նախատեսվում կառուցել, ինչո՞ւ են այս հանրակացարանը նորոգում, Անդրեասյանը պատասխանեց՝ ՀՀ-ն պարտավոր է միջպետական ծրագրերով մեզ մոտ ժամանող ուսանողների կեցությունն ապահովել․ «Մենք բազմաթիվ երկրների հետ ունենք միջպետական կրթաթոշակային ծրագրեր, մեր ուսանողները մեկնում են այլ երկրներ սովորելու, այլ երկրներից մեզ մոտ են գալիս սովորելու։ Պետության պարտավորությունն է ապահովել նրանց կեցությունը, պայմանները պետք է լինեն բավարար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ