Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը եւ օրենսդրությունը մեզ արգելում են Սահմանադրությանը չհամապատասխանող փաստաթղթեր վավերացնել»․ Վլադիմիր Վարդանյան

Փետրվար 08,2024 13:19

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ «խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին՝ կոդիֆիկացված 1969 թվականին, Վիեննայի կոնվենցիան, հիմք ընդունելով սովորութային միջազգային իրավունքը, սահմանել է հետեւյալը։ Որեւիցե պետություն չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրությունը՝ իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար։ Ընդ որում, երեկվա քննարկումը ինձ ստիպեց եւս մեկ անգամ ուսումնասիրել այդ կոնվենցիայի վերաբերյալ վերապահումները։ Այդ հոդվածի հետ կապված կար ընդամենը երկու վերապահում, որոնք չէին ընդունվել մի շարք երկրների կողմից։ Ընդ որում, վերապահումները կապված չէին այդ դրույթը մերժելու հետ։ Ես պետք է շատ հստակ ասեմ, որ որեւիցե միջազգային պայմանագիր չի կարող դիտարկվել որպես մի փաստաթուղթ, որը կարելի է հաղթահարել ներպետական օրենսդրությամբ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նա նշեց, որ միջազգային իրավունքում սահմանվում են փոքր թվով սուբյեկտներ, որոնք առանց հատուկ լիազորագրերի իրավունք ունեն վարել բանակցություններ եւ առանց հատուկ լիազորությունների ստորագրել փաստաթղթեր։ Քիչ թե շատ կարեւոր միջազգային պայմանագրերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը՝ ենթադրում են վավերացում խորհրդարանի կողմից։ Վավերացումից հետո ենթադրվում է Հանրապետության նախագահի կողմից համապատասխան վավերագրի կազմում, որն ուղարկվում է կամ ավանդապահին, կամ մյուս կողմին։

«Ավելին ասեմ, եթե նույնիսկ Վիեննայի կոնվենցիայի մեջ այն տեղ չգտներ, այդ դրույթը երկար տարիներ սովորութային միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս էր։ Եվ սրա վրա կենտրոնանալը ես համարում եմ փորձ՝ եւս մեկ անգամ կտրվել միջազգային իրավունքից։ Մեր ամենամեծ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ոչ թե հետեւել միջազգային իրավունքը, այլ ձեւավորել սեփական միջազգային իրավունքը»,- հայտարարեց Վարդանյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում հետեւյալ ընթացակարգով։ Այն ստորագրվում է, ստորագրումից հետո ուղարկվում է Սահմանադրական դատարան։ «Մինչեւ վավերացնելը, նախապես ասվում է՝ քաղաքական առումով մենք սա համարում ենք կարեւոր, բայց մենք ստեղծել ենք ՍԴ, որը կգնահատի՝ այս փաստաթուղթն այս խորհրդարանը կարո՞ղ է վավերացնել, թե՞ ոչ։ Եվ միայն ՍԴ որոշումից հետո հնարավոր է փաստաթղթի վավերացումը։ Ընդ որում, եւ Սահմանադրությունը, եւ ՍԴ մասին օրենքը, եւ մեր կանոնակարգը մեզ արգելում է Սահմանադրությանը չհամապատասխանող փաստաթղթերի վավերացում։ Բայց այս փուլում չենք, նույնիսկ նախաստորագրում էլ չկա, մենք խոսում ենք բանակցային գործընթացի մեջ գտնվող փաստաթղթի մի դրույթի մասին»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829