Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանը՝ ինտենսիվ այգիների ծրագրում չարաշահումների մասին․ «Եթե պատժվում են մարդիկ, երբ ապացուցված չէ, որ գողացել են, պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»

Փետրվար 08,2024 13:11

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը երկարացրեց ինտենսիվ այգիների ծրագրով սուբսիդավորումը։

«Նախորդ 5 տարիներին 7000 հեկտարի ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի ներքո գյուղատնտեսության համապատասխան ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 միլիարդ դրամ: Ծրագիրն ավարտվում է 2023-ին, բայց այժմ առաջարկվում է երկարաձգել ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագիրը մինչեւ 2025 թվականի վերջը՝ միաժամանակ որոշակի փոփոխություններ անելով»,-ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ հիմա մի փոքր թուլացնում են պայմանները․«Այսինքն՝ գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերանայում ենք, այսինքն՝ այժմ արդեն ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ կտնկեն, գերնորմատիվային հողերից կախված որեւէ առավելություն չեն ստանա։ Մի քիչ ավելի լավացրել ենք բարձրարժեք հատիկաընդեղենի ֆինանսավորման պայմանները, որպեսզի խթանենք դա: Հիշեցնեմ՝ մենք ունենք շատ ինքնաբավության մակարդակ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ սա մեզ համար ռազմավարական նշանակության ոլորտ է․ «Ընդհանրապես, ջրերի եւ հողերի ճիշտ կառավարման համատեքստում պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Մեր նախընտրական ծրագրում արձանագրված է, որ մենք աջակցելու ենք, որ տարեկան առնվազն 1000 հեկտար ինտենսիվ այգի հիմնվի»։

Անդրադառնալով Քերոբյանի ասած՝ արդեն հիմնադրված 7000 հեկտար այգիներին, Փաշինյանն ասաց․ «Այս թիվը օբյեկտիվ չէ, որովհետեւ մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ կամ էլ առնվազն կան կասկածներ, քննություն է ընթանում, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա։ Հարց կծագի՝ այս պայմաններում ինչո՞ւ ենք նորից ծրագիրը շարունակում։ 2028-19-ին որոշեցինք, որ մի ուղղություն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն եւ այդ ոլորտի ֆինանսավորումը պետք է ավելացնենք։ Ոլորտի ֆինանսավորումը կրկնապատկեցինք, բնականաբար շատ մեծ թվով ընկերություններ սկսեցին այդ ֆինանսավորումից օգտվել։ Հետո ահազանգեր եկան՝ ֆինանսավորման բաշխում, արդյունավետության հետ կապված ծախսեր եւ այլն։ Սկսեցինք վերահսկողական գործողություններ իրականացնել, քրեական գործեր հարուցվեցին։ Ես բոլորովին վերջերս խնդրեցի այդ ոլորտի պետական ֆինանսավորման մասին տեղեկանք ներկայացնել։ Տեսա մի պատկեր՝ ինչպես 2019-ին կրկնապատկվել էր ֆինանսավորումը, 2023-ին այդ ֆինանսավորումը կրկնապատիկից ավելի կրճատվել էր։ Դրանից մնում է դառնության զգացում, որ ռազմավարական մի ուղղություն, որը պետք է աշխատեր, ֆինանսավորվեր, այդ բոլոր պրոցեսների արդյունքում մենք բոլորս ասել ենք՝ լավ, մի քիչ ծորակը փակենք, մի քիչ էլ փակենք, որ չարաշահումները քիչ լինեն, էս լինեն, էն լինեն, ու ոլորտի զարգացումը կանգնեցրել ենք»։

Փաշինյանի դիտարկմամբ՝ պետք է կառավարության գործն իրավապահների գործից տարբերակել, կառավարությունը պետք է ֆինանսավորումը շարունակի՝ ընթացակարգերի լավացմամբ, իրավապահներն էլ իրենց գործն անեն․ «Ով գողանում է ըտեղից, թող գնա պատասխանատվություն կրի։ Բայց եթե մենք մի երկու, երեք, չորս, տասը ընկերության պատճառով այդ ոլորտը Հայաստանում պետք է ոչնչացնենք, դա նշանակում է մենք Հայաստանի ապագան ենք ոչնչացնում։ Չի կարելի էդպիսի բան անել։ Առաջարկում եմ կառավարության եւ իրավապահ համակարգի աշխատանքի բաժանում անենք։ Մեր եզրակացությունն այն չպիտի լինի, որ ինտենսիվ այգիների ոլորտում չարաշահում է եղել, ուրեմն եկեք ֆինանսավորումը փակենք»։

Քերոբյանն էլ հավելեց, որ վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամենը 234 մլն դրամի խախտմանը, դա 100 միլիարդանոց ծրագրի ընդամենը 0,2% է։

«Խոսք է գնում ոչ թե գողության մասին, այլ՝ շահառուների խարդախության։ Դրա համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։ Եթե մարդուն գողություն անելիս չեն բռնել, մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ Դրա համար մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, հասկանանք՝ մենք թո՞ւյլ ենք տալիս, որ երբեմն մարդիկ սխալներ թույլ տան։ Չնայած, այս պարագայում ես վստահ եմ, որ պարզվելու, որ նման սխալներ էլ առանձնապես չկան»,-ասաց Քերոբյանը։

Փաշինյանն էլ հավելեց․ «Այդ հարցը մենք մի քանի անգամ քննարկել ենք։ Մեր մոտեցումը հետեւյալն է՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցել է, թե՝ ոչ։ Ընթացակարգի խախտումն ուրիշ բան է, բայց պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը ուրիշ բան է։ Նախ՝ մեր ընթացակարգերն էնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան էլ գլուխ չի հանի՝ ինչը ոնց է աշխատում։ Բայց սկզբունքը հետեւյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե ոչ, էական չէ՝ ով է տարել։ Եթե չի տարվել, ձեր ասած սխալվելու իրավունք է։ Հարցը սխալի բովանդակությունն ու էությունն է»։

Հիշեցնենք, որ վերջերս առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ են ձերբակալվել եւ կալանավորվել, փոխնախարար Անի Իսպիրյանը տնային կալանքի ներքո է։ Բացի սրանից, ինտենսիվ այգիների ծրագրի գործով էլ քրեական վարույթ է ընթանում։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Անի Իսպիրյանն ու Վահան Քերոբյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829