Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ մի քանի վայրկյան հետո քրեական գործ պետք է հարուցվեր»․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 08,2024 12:50

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ 

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր․ «Դուք անընդհատ ինձ հարց եք տվել՝ բա Ալմա-Աթայի հռչակագրի վավերացման ժամանակ վերապահումներին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Չեմ անդրադարձել, հիմա ուզում եմ անդրադառնալ։ Միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաեւ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պետք է ծանուցվի ավանդապահին։ Բայց մենք շատ վաղուց հետազոտում ենք այդ հարցը եւ արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետեւաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որեւէ իրավական ուժ չունեն։ Սա այլեւս փաստ է։ Եվ հետեւաբար 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հստակ եւ աներկբա այդ վավերացման եւ հետագա չծանուցման փաստով հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Արթուր Խաչատրյանը երկու փաստաթուղթ էր բերել ԱԺ․ «Երեկ, երբ այստեղից Նիկոլ Փաշինյանը խոսում էր, մենք փորձում էինք հակադրել, նախագահողը թույլ չտվեց, այս երկու փաստաթղթի մասին էր խոսքը։ Ես ասում էի՝ Ալմա-Աթայի արձանագրությունը վավերացվել է առանց վերապահումների։ Այս մյուս փաստաթուղթն է, որը վավերացվել է վերապահումներով։ Եվ վերապահումները շատ էական են։ Ինչո՞ւ այդ վերապահումները չեն հանձնվել ԱՊՀ իշխանություններին, կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պետք է հետամուտ լինեն։ Եթե իրենք գնում են նախկինում գործած բոլոր հանցագործությունների բացահայտման ճանապարհով, այս ամբիոնից հնչած այդ հայտարարությունը, որ վերապահումը չի ուղարկվել, մի քանի վայրկյան հետո դատախազությունը կամ քննչական մարմինները պետք է գործ հարուցեին, բայց դա չարվեց»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը հարցադրում արեց նաեւ՝ զիջումները, որոնք արվում են, փաթեթային համաձայնեցված զիջումնե՞ր են, նոյեմբերի 9-ին մի ամբողջ փաթե՞թ է ստորագրվել, թե՞ դրանք փուլային են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829