Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ են». «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագծի հանրային քննարկումն ավարտվեց

Փետրվար 08,2024 12:45

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ կեսգիշերին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծի հանրային քննարկումը:

Չնայած նախագծի հեղինակների հուսահատ ճիգերին, բազմակի ֆեյքային քվեարկություններին (միայն վերջին օրը կայքում մոտ 2000 «կողմ» ձայն ավելացավ, հիմնականում քվեարկության վերջին ժամերին), հայ հանրությունը այս անգամ կարողացավ մոբիլիզացվել և շառաչուն ապտակ հասցնել այս հակազգային և հակագիտական նախագծի հեղինակներին: Հանրային քննարկման էջ այցելել է մոտ 200,000 քաղաքացի, նրանցից համարյա 12,000-ը գրանցվել և «դեմ» են քվեարկել նախագծին, և նրա տակ 500-ին հասնող «դեմ» արձագանք թողել, այն դեպքում, երբ քննարկման երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ հիմնավոր «կողմ» արձագանք չհայտնվեց:

Ավելին, բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք «դեմ» արտահայտվեցին այս նախաձեռնությանը, և այն առաջ մղող ԿԳՄՍ նախարարուհին հայտնվեց բացարձակ մեկուսացման մեջ, ստիպված լինելով ԱԺ ամբիոնից հանդես գալ անհեթեթ արդարացումներով, մոռանալով թերևս նշել սակայն, որ այս ամբողջ նախաձեռնությունը ծնվել է ոչ թե գիտական քննարկումների և լուրջ մասնագիտական վերլուծությունների արդյունքում, այլ ընդամենը մեկ «հիվանդ» ուղեղում առաջացած և ասպարեզ նետված արկածախնդիր գաղափարի հետևանքով:

Մեր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը առաջին օրվանից սկզբունքային դիրքորոշում է ստանձնել այս հարցում, և հետևողականորեն պայքարել է ներկայացված նախագծի դեմ, մոբիլիզացնելով մեր աջակիցներին և համախոհներին: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սկզբունքային մոտեցում դրսևորեցին՝ պաշտպանելու մեր պատմությունը և ինքնությունը այս արկածախնդիր հարձակումից, միաժամանակ ցանկանում եմ հույս հայտնել, որ սա լավ առիթ կդառնա մեր քաղաքացիական հասարակության համար՝ հավատալու իր ուժերին, ինքնակազմակերպվելու և սեփական օգտակար և նորարարական նախաձեռնություններով առաջ մղելու մեր երկրի զարգացման օրակարգը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829