Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը «միամիտ» գաղտնազերծեց, որ կա համաձայնություն Ադրբեջանի առաջարկած կետի շուրջ, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»

Փետրվար 08,2024 12:41

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ «խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։

Գեղամ Մանուկյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ դիմեց դատավորի երեք թեկնածուներին․ «Երեկ այստեղ տեղի ունեցավ շատ արտառոց երեւույթ։ Հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն այս օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից մեջբերում արեց, որը գաղտնի գրությամբ է։ Երբ մի քանի պատգամավորներով մենք ծանոթանում ենք, ամեն անգամ ստորագրում ենք, որ իրավունք չունենք հրապարակել։ Փաշինյանն ասաց, որ «պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»։ Պարոնայք դատավորներ, ես գիտեմ՝ դուք հիմա չեք կարող դիրքորոշում հայտնել, որովհետեւ վաղը կարող է վճռական հարց լինի։ Բայց, որպես իրավաբան, թեկուզ ամեն մեկիդ ձեր մտքում մտածեք, կարո՞ղ է արդյոք Հայաստանը ստորագրել, նախաստորագրել, որեւէ փաստաթղթի տակ, որը կարող է վեր լինել իր երկրի Սահմանադրությունից ու օրենքներից։ Վստահաբար ցանկացած օրենքի երկու տառ իմացողը կասի՝ ոչ։ Չի կարող Հայաստանի որեւէ պաշտոնյա ստորագրել, նույնիսկ մշակել որեւէ փաստաթուղթ, որը կարող է հակասել ՀՀ Սահմանադրությանը։ Երեկ ասելուց հետո, երբ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե օրենքի հետ խնդիր ունեցող հայտարարություն է արել, փորձեց հղում տալ Վիեննայի փաստաթղթի դրույթին։ Որեւէ փաստաթուղթ, միջազգային պայմանագիր առաջին հերթին վավերացումից առաջ գնում է Սահմանադրական դատարան։ Եվ այդտեղ է, որ ՍԴ-ն տալիս է եզրակացություն՝ սրա սահմանադրականության վերաբերյալ։ Եվ ԱԺ վավերացումից հետո է, որ այդ փաստաթուղթը դառնում է Հայաստանում որպես գործող փաստաթուղթ։ Եվ այդ ժամանակ է, որ Հայաստանը չի կարող ասել՝ սա մեր Սահմանադրությանը հակասում է, չի գործում։ Բայց Սահմանադրությանը հակասող ցանկացած փաստաթուղթ, վստահ եմ, դուք՝ որպես իրավաբաններ, կհաստատեք, չի կարող անգամ վավերացման գործընթացի մեջ լինել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ երեկվա հարցուպատասխանն այս առումով կարեւոր է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը «միամիտ» կամ չգիտես ինչ պատճառով գաղտնազերծեց, որ կա համաձայնություն Ադրբեջանի առաջարկած կետի շուրջ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Վաղը ՍԴ-ն դա համարելու է հակասահմանադրական, եւ գտել են մի լուծում։ «Ինչը մեզ խանգարում է, եկեք հանենք։ Խանգարում է ՀՀ Սահմանադրությունը, եկեք հանենք։ Չէին կարող փոխել Սահմանադրությունը, որովհետեւ կա ՍԴ որոշում, որ առաջի հատվածը նույնիսկ հանրաքվեով չի կարող փոխվել։ Դրա համար բառերի կույտ, չորրորդ Հանրապետություն, նոր Սահմանադրություն, միայն թե հիմնավորեն։ Դրա համար է, որ առաջին օրից պնդում եմ՝ նոր Սահմանադրություն առաջ բերելու հարցը կապ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների եւ սեղանին դրված այդ պայմանագրի նախագծի հետ։ Բառակույտերի արդյունքում փորձում են ի չիք դարձնել մեր 30 տարվա պետականության հիմքը, հիմնասյունը»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829