Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ դատավորը, իշխանություններին հավատարմություն տալու ճիչի մեջ, քիչ էր մնում կոստյումը ճղեր․ դատական համակարգը վերածվել է տեռորի գործիքի»

Փետրվար 08,2024 11:43

ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի այսօրվա հայտարարությանը։ Անդրեասյանն իր խոսում ասաց, որ Ազգային ժողովն ամենակարեւոր չափիչն է։

«Դա ինձ գրեթե դրդեց հավատալ այդ գնահատականին։ Բայց ուզում եմ պատգամավորական փորձառությունից մի քանի փաստեր այստեղ հնչեցնել։ Փորձառություններից մեկը վերաբերում էր զոհվածի ծնող Գայանե Հակոբյանի դեպքին։ Գիշերվա ժամը 4-ին ԱԺ 13 կամ 14 պատգամավորներ Կենտրոնի դատարանում էինք՝ մեր երաշխավորությամբ երաշխավորելու Գայանե Հակոբյանի խափանման միջոցը։ Պատգամավորները ելույթներ էին ունենում դատարանում՝ հաստատելու իրենց վճռականությունը, որ մենք երաշխավորում ենք, որ Գայանե Հակոբյանի վարքը կլինի պատշաճ։ Բայց 13-14 պատգամավորի երաշխավորություն ունեցավ զրո արժեք։ Ժորա Չիչոյանն էր՝ երիտասարդ մի դատավոր, որը հավանաբար իշխանություններին հավատարմություն տալու իր ճիչի, ջանքի մեջ քիչ էր մնում կոստյումը ճղեր։ Եվ Գայանե Հակոբյանը գնաց կալանքի»,- ասաց Գալստյանը։

Նա բերեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործի օրինակը։ «Երկրորդ դրվագը, որն ինձ բացառիկորեն զարմացրեց, նույնիսկ երգիծանքի ժանրում կարող էին ինչ-որ ֆելիետոն գրել, դա քաղբանտարկյալ Աշոտյանի գործով դատավոր Դոլմազյանն է։ Երաշխավորություն էր ներկայացրել Կոլումբիայի նախագահներից մեկը, ԵԱՀԿ նախկին նախագահ Ծերեթելին, որը հիմա Վրաստանի կուսակցություններից մեկի առաջնորդն է եւ ԵԺԿ քարտուղարը, նաեւ ԱԺ երեք պատգամավորներ։ Եվ դատավոր Դոլմազյանը այդ երեքի առնչությամբ ասաց, որ չի ճանաչում անձամբ եւ վստահություն չեն ներշնչում։ Ես ասացի՝ լավ, նրանց չի ճանաչում, պատգամավորներին կճանաչի, միգուցե մեր հեղինակությունն ազդեցություն կունենա։ Եվ ըստ էության Դոլմազյանը նաեւ մեզ չէր ճանաչում։ Սրանք այն երկու դեպքերն են, որոնք ոչ թե անձնապես վիրավորում են ինձ, սա վիրավորանք է պառլամենտական երկրի Ազգային ժողովի նկատմամբ, երբ պատգամավորական մանդատը դատական համար զրո արժեք ունեցավ»,- հավելեց նա։

«Եվ հիմա բախվում ենք մեկ այլ դեպքի հետ, ես գիտեմ, որ դուք ստորագրություններ եք հավաքում, ես էլ կուզենայի միանալ այդ ստորագրությանը, որովհետեւ ինձ համար չափանիշներ կան, նաեւ բարոյական չափանիշներ, որոնք երբեմն ավելի են, քան թղթի վրա արձանագրված օրենքները»,- ասաց նա։

Գալստյանը նշեց, որ կուզենար չունենայինք այն իրականությունը, որ դատական համակարգը Հայաստանում ամենացածր վարկանիշ ունեցող ինստիտուտն է։ Նա նշեց, որ այս խնդրին նայում է Հայաստան պետության հեղինակության դիրքերից՝ ինչպես անել, որպեսզի բարձրացնենք հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ «Եվ փորձենք հերքել այն հաստատումը, որ դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի, հատկապես ընդդիմադր քաղաքական ուժերի եւ հայացքներ ունեցողների համար։ Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում տասնյակ իմ գործընկերները, գաղափարական ընկերները հայտնվեցին բանտերում՝ սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Եվ ըստ էության մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է պատժիչ գործիքի»,- ընդգծեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829