ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրելու հարցը։ Թեկնածուներից Գուրգեն Մալխասյանին ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց․ «Հարյուր բալանոց սիստեմում մեր արդարադատությանը քանի՞ բալ կտայիք կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով»։
Մալխասյանն ի պատասխան ասաց․ «Եթե կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով, ես իրականում 100 բալ կտայի, որովհետեւ ինձ դեռեւս չի հանդիպել դատական համակարգում դատարանի լիազորությունների մեջ մտնող որեւէ գործառույթի իրականացման թերացում, որը կասկած կհարուցի դատարանի ազնվության առումով, որը մղված է կոռուպցիան բացառելու գործողություններ կատարելուն։ Ես հարցն ընկալեցի այսպես, թե ի՞նչ մասնակցություն ունի դատարանը։ Դրա վերաբերյալ ես ունեմ իմ համոզմունքը, որը շատ դրական է, սակայն քաղաքական զսպվածության, դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններից ելնելով՝ նման դիրքորոշում նպատակահարմար չեմ գտնում արտահայտել հանրային քննարկման ժամանակ»։
Սերգեյ Բագրատյանը հավելեց․ «Ժողովուրդը մի շատ հետաքրքիր խոսք ունի, ասում է՝ բա որ բոլորդ ազնիվ եք, վանքի մոմերն ո՞վ գողացավ։ Հիմա, եթե արդարադատության համակարգից այս հսկայական դժգոհությունը կա, ինչպե՞ս կարող եք դա գնահատել 100 տոկոսով առանց կոռուպցիայի արդարադատություն։ Իրականության մեջ բազմաթիվ խնդրահարույց դեպքեր կան։ Եվ նաեւ գործեր կան այդ ուղղությամբ՝ կոնկրետ դատավորների նկատմամբ հարուցված։ Այսինքն՝ փաստեր կան կոռուպցիայի։ Հենց միայն այդ փաստերը բավարար են, որ 100 տոկոս չլինի»։
Գուրգեն Մալխասյանն ասաց, որ նշեց 100 տոկոս, քանի որ իրեն հայտնի չէ որեւէ դեպք, երբ դատարանը նման գործերով արդարադատություն իրականացնելուց հրաժարվել է։ «Եթե չի հրաժարվել արդարադատություն իրականացնելուց, նշանակում է՝ 100 տոկոսով մասնակցությունն ապահովել է։ Թե արդյունքում ինչ դատական ակտեր են եղել, թե արդյունքում ինչ է արձանագրվել, յուրաքանչյուր դեպքի համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ