Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Արցախի պատճառով չէր: Գլխավոր նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի չեզոքացումն է. Հայկ Խալաթյան. «Փաստ»

Փետրվար 08,2024 10:44

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության հաստատման վերաբերյալ», «Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, Հայաստանը կատարում է դրանք»: Այս և նմանատիպ կարծիքներ են հնչում հանրային քննարկման տիրույթում, բայց, ի վերջո, բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը:

«Մի կողմից՝ օգտվում է միջազգային հարմար իրավիճակից՝ Արևմուտքը և Ռուսաստանը զբաղված են, չեն կարող խանգարել իր ծրագրերին, պատրաստ չեն լրջորեն միջամտել տարածաշրջանի գործերին, մյուս կողմից՝ օգտվում է նրանից, որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստ են ցանկացած զիջման: Նույնիսկ այն պահանջներին, որոնք այս պահին Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն գնալ, Ադրբեջանը կարծում է, որ թեթևակի ուժային ճնշումից հետո կարող են գնալ նաև այդպիսի զիջումների: Շատ կարևոր է հասկանալ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Արցախի պատճառով չէր, Արցախը դրա դրսևորումներից մեկն էր: Հիմա համոզվում ենք, որ նույնիսկ Արցախը գրավելուց հետո Բաքուն և Անկարան չեն գնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, չնայած ստացել են ավելին, ինչը նախկինում որպես նախապայման դնում էին հարաբերությունները կարգավորելու համար: Նրանց գլխավոր նպատակը եղել է և կա տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը: Այդ պատճառով էլ Ալիևը խոսում է Ադրբեջանի «պատմական տարածքների» մասին՝ պահանջների հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, ընդ որում, նախապատրաստելով և՛ իր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը, որ այսպիսի խնդիր էլ կա: Ու չկարծեք, որ կարգավորումից հետո բոլոր խնդիրները վերջանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Միմյանց առաջարկների փոխանցումը, հեռախոսազանգերը կամ գուցե այլ տարբերակներով կապի պահպանումը կարելի՞ է բանակցություն կոչել: «Ֆորմալ առումով կարող ենք սա բանակցություն կոչել, բայց այլ հարց է, թե ի՞նչ են ակնկալում կողմերը: Խնդիրն այն է, որ այս պահին Ադրբեջանին «Խաղաղության պայմանագիր» պետք չէ, որովհետև անընդհատ նոր, հայկական կողմի համար մեկը մյուսից ծանր պայմաններ է դնում, անընդունելի, ստորացուցիչ, ինչպիսին Սահմանադրության հետ կապված պահանջն է և այլն: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից ցանկանում են խաղաղություն ցանկացած գնով, մյուս կողմից՝ կարծում են, որ դա թույլ կտա որոշակի ժամանակ շահել: Բաքուն ևս սա շատ լավ հասկանում է և դա ներկայացնում միջազգային հանրությանը այսպես՝ Հայաստանը չի ուզում խաղաղություն կնքել, ձգձգում է: Թվում է, թե Հայաստանի իշխանությունները որոշ բաներ իրենց սխալների վրա պետք է սովորած լինեին, բայց տեսնում ենք, որ սխալը սխալի հետևից է թույլ տրվում: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն «անկլավներն» արդեն ճանաչել է ադրբեջանական, չի բացառվում, որ Բաքուն ցանկության դեպքում կարող է օգտագործել դա որպես հիմք Հայաստանի նկատմամբ էսկալացիայի կամ ագրեսիայի համար, և միջազգային հանրությանը ասել՝ տեսեք, նույնիսկ Հայաստանի իշխանություններն են դա ճանաչել իմ տարածք, չէին ցանկանում վերադարձնել, ուժով վերցրեցի: Հայաստանի իշխանություններին թվում է, որ ժամանակ են շահում, բայց իրականում իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ Բաքուն իրենց իսկ մարտավարությունը բանակցություններում օգտագործելու է Հայաստանի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829