Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, թեեւ նա որեւէ նորություն չասաց` ընդամենը կրկնեց, որ Հայաստանն իր օրոք այնքան խեղճ պետություն է դարձել, որ պետք է ծնկի գա թշնամի պետությունների առաջ: Հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը ներողություն-պարզաբանումով հանդես եկավ` քննադատելով վարչապետի ասածները եւ նշելով, որ հարցազրույցը չի ստացվել: Ապա Փաշինյանի աջակիցներից կազմված Հանրային հեռարձակողների խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, թե Խումարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` երկրի ղեկավարի հայտարարությունները վիճարկելի չեն եւ այլն: Խորհրդի կազմում են Արա Շիրինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Արամ Սուքիասյանը, Վարուժան Օլքինյանը, Վասակ Դարբինյանը:
Զրուցեցինք ՀՀԽ նախկին անդամ, լեզվաբան Լեւոն Գալստյանի հետ: «ՀՀԽ-ի հայտարարության մեջ ասվում է, որ մեզանում ժողովրդավարություն է, եւ կարող է Հանրային ռադիոյի տնօրենն արտահայտի իր կարծիքը, ապա ասվում է, որ չարաշահել է պաշտոնեական դիրքը: Այս երկու պնդումների միջեւ կա հակասություն: Ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու Գարեգին Խումարյանի հետ: Իմ կարծիքը նրա մասին դրական է: Նա աշխատող, բանիմաց, գործից հասկացող, պատասխանատու եւ զուսպ մարդ է: Ինչ վերաբերում է իր տեսակետներին, դա իր իրավունքն է: Ես Խումարյանի տեքստում որեւէ չափազանցում, առավել եւս պաշտոնեական դիրքի գերազանցում չեմ նկատել»,- նշեց Գալստյանը: Հարցրինք` հիշո՞ւմ է, որ առաջներում, երբ ինքը ՀՀԽ անդամ էր, խորհուրդը նման հայտարարություններով հանդես գար, դատավորի դեր ստանձներ, դատապարտեր լրատվամիջոցի ղեկավարին` կարծիք հայտնելու համար: Գալստյանը նման բան չհիշեց:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: