Ըստ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքի. «երկու ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները համապատասխանում են համանման լուծումներ իրականացնելու փորձի պահանջին»
Վերջին օրերին բավական մեծ աղմուկ բարձրացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ութ աշխատակիցների աղմկահարույց ձերբակալությունների, ապա՝ կալանավորումների (նաեւ «Սիներջի» ինթերնեյշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղի աշխատակիցների) շուրջ: Կալանավորվեց երկու մանկահասակ երեխաների մայր, մեկ այլ խափանման միջոց ընտրվեց կին պաշտոնյայի նկատմամբ:
Քննչական մարմինները «առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործ» անվանեցին այս, նաեւ տեղեկացնելով, որ «Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի եւ աշխատակիցների դրդմամբ եւ օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի, քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը»:
Այնպես չէ, որ էկոնոմիկայի նախարարության դեմ դատական հայց չէր եղել այս աղմկահարույց ձերբակալություններից, կալանավորումներից առաջ:
Կարդացեք նաև
Պարզապես հիշեցնեմ, 2023թ. ապրիլի «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված հայցադիմումը, որում պատասխանող էր ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, երրորդ անձ՝ «Սիներջի ինթերնեյշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղը:
Հայցադիմումը ընդունվել էր դատավոր Է. Ամալյանի վարույթ:
Հայցվորը պահանջել էր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման (հանրային ներդրումային ծրագրերի ինտեգրված թվային համակարգի ձեւավորման)» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված երկու փուլով մրցույթի գնահատող հանձնաժողովի 23.03.2023թ. թիվ 7 արձանագրության 2.1 կետով «Հարմոնիա»-ի հայտը անբավարար գնահատելու եւ մերժելու մասին, գնահատող հանձնաժողովի 31.03.2023թ. թիվ 8 արձանագրության 2.1 կետով «Սիներջի ինթերնեյշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղին ընթացակարգի հաղթող ճանաչելու, մասնաճյուղի հետ պայմանագիր կնքելու մասին որոշումները ճանաչել անվավեր:
Հայցվորը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ էկնոմիկայի նախարարության կարիքների համար՝ «հանրային ներդրումային ծրագրերի ինտեգրված թվային համակարգի ձեւավորման» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի հայտը անբավարար գնահատելու եւ մերժելու մասին որոշումները, ինչպես նաեւ գնահատող հանձնաժովի «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղին ընթացակարգի հաղթող ճանաչելուն, մասնաճյուղի հետ պայմանագիր կնքելու մասին որոշումները կայացվել են «Գնումների մասին» օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջների կոպիտ խախտմամբ։
Հայցվորը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման (հանրային ներդրումային ծրագրերի ինտեգրված թվային համակարգի ձեւավորման) եւ ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարվել է նախաորակավորման ընթացակարգ, որին մասնակցելու նպատակով հայտ է ներկայացրել նաեւ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության, զարգացման հիմնադրամը:
Ընթացակարգի երկրորդ փուլի համաձայն, մասնակիցները կազմված տեխնիկական բնութագրի հիման վրա ներկայացնում էին գնային առաջարկներ, ինչպես նան պատվիրատուի պահանջով ներկայացնում այն պայմանագրերի պատճենները, որոնց հիման վրա անցել են նախաորակավորման ընթացակարգը եւ նախաորակավորման փուլում ներկայացրել տեղեկատվություն այդ պայմանագրերի մասին:
Հայցապահանջի համաձայն. «Տվյալ ընթացակարգի շրջանակներում երկու փուլով մրցույթի գնահատող հանձնաժողովը խախտել է երկփուլ մրցույթի ողջ ընթացակարգը, երկրորդ փուլում մրցույթի ընթացքում մասնակիցներին ներկայացրել որակավորման չափանիշներին ներկայացվող նոր, նախաորակավորման ընթացակարգից տարբերվող նոր պահանջներ, եւ համապատասխանաբար, նախաորակավորման փուլում ներկայացրած պայմանագրերը գնահատել ընթացակարգի հրավերի պահանջներին չբավարարող»:
Ուշագրավ է Գնահատող հանձնաժողովի արձանագրության մեջ առկա հանձնաժողովի անդամ Ա. Ավետյանի հատուկ կարծիքը. «Երկու ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները համապատասխանում են համանման լուծումներ իրականացնելու փորձի պահանջին»: Հայցվորը դատարանին տեղեկացրել է, որ երկու փուլով մրցույթի հանձնաժողովի ապօրինի գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությանը հասցվելու է 284.535.360 ՀՀ դրամի վնաս: Հայցվորը դատարանում բացահայտել էր հայտում ընդգրկված եւ պատվիրատուին ներկայացված պայմանագրերի բովանդակությունը. «Պայմանագրի անվանում վարչապետի աշխատակազմի կարիքների համար. Քաղաքացիական ծառայության (ՔԾ) տեղեկատվական համակարգի մշակում եւ ներդրում: Պատվիրատու ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակ»…
Դատարանը բավարարել էր հայցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման (հանրային ներդրումային ծրագրերի ինտեգրված թվային համակարգի ձեւավորման)» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված երկու փուլով մրցույթի գնահատող հանձնաժողովի 23.03.2023թ. թիվ 7 արձանագրության 2.1 կետով «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի հայտը անբավարար գնահատելու եւ մերժելու մասին որոշումները, «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղին ընթացակարգի հաղթող ճանաչելու եւ «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» ԲԸ մասնաճյուղի հետ պայմանագիր կնքելու մասին որոշումները ճանաչել էր անվավեր։
Ըստ իս, տարօրինակ էր այն, որ դատական գործընթացի ժամանակ հակընդդեմ հայց չի ներկայացվել, անգամ բողոք չի բերվել, այլ՝ 2023թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետությունում «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղը դիմում է դատարան ՀՀ էկոնոմիկայի նախարարության դեմ: Երրորդ անձ է ճանաչվել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամը (դատավոր Ա.Պետրոսյան):
«Սիներջի»-ին պահանջում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման /հանրային ներդրումային ծրագրերի ինտեգրված թվային համակարգի ձեւավորման /» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված համապատասխան ծածկագրերով երկփուլ մրցույթի գնահատող հանձնաժողովի 31.08.2023թ. թիվ 13 արձանագրության 2.1 կետով «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամին հաղթող ճանաչելու եւ վերջինիս հետ պայմանագիր կնքելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանը որոշում է կայացրել գրավոր ընթացակարգով: Դեկտեմբերի քսաներեքին վճիռ է կայացրել, որով մերժել է հայցապահանջը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.02.2024