Մի քանի օր է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) Կարեն Անդրեասյանը ոչ մի «լավ բան» չի գրում իր հետևորդների համար, մի բան, որ մի 7 օր հետևողականորեն արեց: Բայց փոխարենը՝ «լայքում է» Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա եղբոր ու հարսի համատեղ լուսանկարը: Իր ընկերն ու գործընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ի դեպ՝ նույնպես:
Այդ առնչությամբ լրագրող Վահե Մակարյանն իր սոցցանցային էջում լեգիտիմ հարցադրում էր արել՝ «Կարեն Անդրեասյան, բա վերջը դու Ալենի նկարը խի՞ էիր լայքել: Ես անձամբ չեմ տեսել քո լայքը, իհարկե, քանզի ինձ մի անմեղ քոմենթի համար բլոկ է արել այդ «քաղհալածյալ» երիտասարդը (լավ ա` դատի չի տվել), բայց ինձ պատմեցին, որ լայքիչների շարքում դու էլ ես եղել, մեկ էլ էն նախարար ընկերդ: Ուզում եմ հասկանալ` լայքել ես, որ ի՞նչ ցույց տաս, որ աջակցո՞ւմ ես նրա եղբոր կնոջը ձեր դատավորների կողմից անարդար ու անմարդկային վերաբերմունքի զոհ դառնալու հարցում, թե՞ աջակցում ես անձամբ իրեն` Ալենին, քանզի համարում ես, ու նա «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման զոհ է հիմա, ու պետք է մի թեթև մառալնի պադդեռժկա անել օրենսդիր մարմնի ղեկավարին դատական իշխանության կողմից: Մի հատ մեկնաբանի, please, քո լայքը»:
Ու քանի որ վերջին օրերին այդ հարցադրումը տարբեր հարթակներում ու տարբեր շուրթերից է հնչել, Կարեն Անդրեասյանը որոշել էր պատասխանել դրան:
Կարդացեք նաև
«Հարգելի Վահե, չգիտեի, որ իմ մի «լայք»-ը այդքան քննարկումների տեղիք կտա: Պարտավորված եմ հաշվետու լինել նաև դրա համար:
1.Ուզում էի Ալենին ու հատկապես Կառլենին (ում ճանաչում եմ երկար տարիներ) ասել, որ նման ցավալի իրադարձությունների ժամանակ հայտնում եմ իմ զորակցությունը` անկախ պաշտոններից և զուտ մարդկայնորեն:
2.Իրենք էլ գիտեն, դատավորներն էլ գիտեն, որ ես ոչ մի դատական գործի չեմ խառնվում, ու իմ ոչ մի մարդկային հարաբերություն չի ազդում որևէ գործի ընթացքի վրա:
3.Ես հարգում եմ բոլորի անմեղությունը, քանի դեռ օրինական դատավճռով հակառակը ապացուցված չէ:
4.Հորդորում եմ բոլորին հարգանքով վերաբերվել ցանկացած դատական ակտի և յուրաքանչյուր դատավորի նկատմամբ` օգտվելով բողոքարկման բոլոր նախընտրելի հնարավորություններից:
5.Խնդրում եմ փոխանցեք Ձեր գործընկերներին, որ չշահարկեն մարդկային աննշան մի ժեստը ու չներկայացնեն որպես ճնշում դատարանի վրա»,- մասնավորապես գրել էր ԲԴԽ նախագահը:
ԲԴԽ դատավոր Կարեն Անդրեասյանը, ինչպիսին ինքն է և հաճախ իրեն ներկայացնում է, տարակուսում է, թե ինչո՞ւ է իր մի «լայքը» այդքան քննարկումների տեղիք տվել:
Բանգալորյան սկզբունքներից գաղափար չունեցող կամ դրանք իր հայեցողությամբ մեկնաբանող Կարեն Անդրեասյանը թերևս գաղափար չունի նաև միջազգային այլ ուղեցույցներից:
Մի քանիսը նշենք հատուկ Կարեն Անդրեասյանի համար:
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) ուղեցույց՝ «Դատավորների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ»:
Եվրոպայի խորհրդի Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) 2022թ. թիվ 25 կարծիք՝ Դատավորների արտահայտվելու ազատության վերաբերյալ:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախաձեռնության (CEELI) գործնական ուղեցույց՝ «Դատավորների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ»:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ տարբեր երկրների օրենսդրության վերաբերյալ դիրքորոշումներ:
Սրանք այն միջազգային ստանդարտներն են, որոնք դատավորին սահմանափակում են իր հրապարակային գործունեության դրսևորումների մեջ:
Առհասարակ դատավորների պահվածքը սոցիալական մեդիայում լուրջ խնդիր ու զարգացող մարտահրավեր է համարվում ժամանակակից աշխարհում, և միտումն այն է, որ սահմանված կանոնները խախտողները պետք է պատժվեն: Դրանք սահմանում են, որ նախ դատավորները շատ ուշադիր պետք է լինեն իրենց հարաբերություններում, չանեն որևէ գործողություն, որը անգամ հանրային ընկալման մեջ իրենց անաչառության վերաբերյալ հարցեր կառաջացնի: Խոսքը վերաբերում է այդ թվում նաև «լայք» դնելուն և «ռեթվիթ» կամ «ռեփոստ» անելուն, որովհետև դրանք ինքնին ցույց են տալիս դատավորի դիրքորոշումը, աջակցությունը տվյալ անձին կամ երևույթի վերաբերյալ:
Հատկապես զգույշ դատավորները պետք է լինեն քաղաքական գործիչների ու իշխանության ներկայացուցիչների հետ իրենց շփումների կամ դրանք ի ցույց դնելու ժամանակ:
Այսինքն՝ ԲԴԽ դատավոր Կարեն Անդրեասյանը թե՛ երեկոյան 18:00-ից հետո, և թե՛ առավոտյան 9:00-ից առաջ չի կարող ասել՝ «Ես Ալենին ու հատկապես Կառլենին ճանաչում եմ երկար տարիներ ու դրա համար…»: Սա ծիծաղելի փաստարկ է և ցույց է տալիս, որ ընկերական կապեր ունի քաղաքական իշխանության բուրգի գագաթին կանգնած անձանցից մեկի հետ:
Միջազգային չափորոշիչները սահմանում են նաև, որ դատավորը պետք է զգուշանա այն մարդկանց հետ իր կապերը ցույց տալուց, որոնք կարող են նրա հետ առնչվել իր լիազորությունների տիրույթում: Կարեն Անդրեասյանի դեպքում դա հատկապես խիստ պահանջ է, որովհետև նա այն մարմնի ղեկավարն է, որը պատժում է դատավորներին: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հայտնի լուսանկարը լայքել է նաև Կարեն Անդրեասյանի ընկերը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որն էլ իր հերթին դատավորներին պատժելու համար կարգապահական վարույթներ հարուցողն է: Ակնհայտ է, որ այս երկուսն էլ իրենց լիազորությունների տիրույթում առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի ընտանիքին առնչվող գործի հետ:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում