Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ կցանկանայինք տեսնել այն քպականին, որը հրապարակավ կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին․ «Փաստ»

Փետրվար 08,2024 09:00

Արդեն հեռավոր թվացող՝ «կովիդային» 2020-ի մայիսին ՀՀ ԱԺ-ում ունեցած մի ելույթի ժամանակ, անդրադառնալով Արցախի ինքնորոշմանը և այն իր իշխանության կողմից անտեսելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կերկերուն ձայներանգով ասում է ուղղակիորեն հետևյալը. «Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞: Ես լավ չեմ պատկերացնում դա: Բա մենք ընդհանրապես ինչի՞ մասին ենք խոսում: Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Ո՞վ ա, որ պնդում ա, թե հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանամ»: Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ անուն-ազգանունը այն անձի, որը դեմ է Արցախի ինքնորոշմանը կամ ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ահավասիկ, ասենք այդ անուն-ազգանունը՝ Նիկոլ Փաշինյան: Գուցե սխալվո՞ւմ ենք: Այդ դեպքում, դե, թող ելնի (ելնեն) ու էլի ԱԺ ամբիոնից հայտարարի, պահանջի (հայտարարեն, պահանջեն) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Լավ, գուցե շատ բարձր նշաձող ենք դնում, թող գոնե համարձակվեն Արցախ բառն արտասանել:

Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ, թե իրենից բացի է՞լ ով է դեմ Արցախին, Արցախի հայությանը, Արցախի ինքնորոշմանը: Խնդրեմ՝ ՔՊ խմբակցության ամբողջ կազմը, ՔՊ կառավարության ամբողջ կազմը, ընդհանրապես ՔՊ-ն ու իրենց սատելիտները: Այստեղ գուցե և մի փոքր սխալված լինենք «ամբողջ» բառն օգտագործելիս: Ավելին, ուրախ կլինենք, եթե սխալված լինենք: Բայց այդ դեպքում շատ կցանկանայինք տեսնել այն քպականին, որը հրապարակավ կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:

Հիմնակա՛նը: Փաշինյանն ու իր նման «ընտրյալների» համար ավելի ցավոտ հիշեցում: Այդ ինչի՞, ո՞ր ծրագրի, ի՞նչ նախընտրական խոստումների համար են իրենք լավ-վատ, կեղծ-անկեղծ 600 հազար և ավելի ձայներ ստացել, օրինակ՝ 2021-ին: Հիշեցնենք: Փաշինյան & ՔՊ co.-ն այդ քվեները ստացել է նաև «անջատում՝ հանուն փրկության» մոտեցման, այն է՝ Արցախի ինքնորոշման իրենց բանաձևած մոտեցման համար: Ստացել էին քվեն ու մանդատը Արցախի ինքնորոշման իրացման, այդ նպատակով պայքարելու, որպես իշխանություն գործելու և աշխատելու համար:

Ավելին, Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման հարցն ու համահունչ շեշտադրումներ սևով սպիտակի վրա ամրագրված են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի մեջ: Ու, ի դեպ, չեղարկված չեն: Իսկ ի՞նչ է ստացվել գործնականում: Իսկ գործնականում Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած կարկառունների թիմը ուրացել է Արցախը (Պրահա, 06.10.2022), այնուհետև 2023 թվականին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով լեգիտիմություն է հաղորդել Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից բլոկադայի մեջ դրված Արցախի վրա ռազմական հարձակմանն ու Արցախի հայաթափման ցեղասպանական ոճրագործությանը:

…Չէ՛, լուրջ, Նիկոլ Փաշինյանին ու մնացյալ կարկառուն «նիկոլփաշինյաններին» որևէ մեկը քվե տվե՞լ է Հայաստանի Անկախության հռչակագիրը պատառոտելու կամ վերացնելու համար: Ասեք այդ մարդու անուն-ազգանունը, բայց խնդրում ենք՝ «Նիկոլ Փաշինյան» չառաջարկել: Հասկանո՞ւմ եք, խոսքն անգամ ստելու մասին չէ, որ նույն Փաշինյանի դեպքում արդեն առօրեական մի բան է ընկալվում: Խոսքն այն մասին է, որ այդ անձն ու նրա գլխավորած քաղաքական խումբը քվե (մանդատ, ձայն) ստացել է այլ բանի համար, բայց իշխանության գալով կամ այն պահելով՝ անում է տրամագծորեն հակառակը: Անում է այն, ինչի համար ոչ մեկը նրան ոչ մի ձայն չի տվել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829