Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ամրապնդում է ՀՀ ինքնիշխանությո՞ւնը

Փետրվար 08,2024 10:00

ՔՊ-ականները պնդում են, որ 32 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունում է ինքնուրույն որոշումներ: Մյուս կողմից` նրանց «շեֆը» վերջին հարցազրույցում, ըստ էության, ընդունել է, որ Սահմանադրություն է փոխում Ալիեւի պահանջով, որպեսզի «կարմիր շորով», այսինքն՝ Անկախության հռչակագրով, «ցուլին» չկատաղեցնենք: Հրաշալի՛ «ինքնուրույնություն» է:

Իմ կարծիքով` ինքնիշխան պետությունն այնպիսի պետություն է, որի բանակն ի վիճակի է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Հենց որ Հայկական բանակը կարողանա դուրս շպրտել ադրբեջանցիներին ՀՀ ինքնիշխան 200 քառակուսի կիլոմետր տարածքից, այդժամ հնարավոր կլինի խոսել ինքնիշխանությունից:

Փաշինյանի կողմնակիցները, ինձ թվում է, հանիրավի են օգտագործում «գաղութատիրություն» բառը՝ ներկայացնելով իրենց առաջնորդին որպես «գաղութացման» դեմ պայքարի դրոշակակիր: Նախ՝ ես վստահ եմ, որ ոչ Խորհրդային, ոչ էլ անկախ Հայաստանը «Ռուսաստանի գաղութ» չեն եղել: Չեն եղել նաեւ մյուս հանրապետությունները: Հակառակն ասելը մեծ հաճոյախոսություն կլիներ Ռուսաստանի հասցեին: Բայց դա առանձին խոսակցություն է, որը մեկ համակարգչային էջի սահմաններում չի տեղավորվի:

Ենթադրենք, 1991-2018 թվականներին Հայաստանը «գաղութ էր», իսկ հետո եկավ «Նիկոլ-ազատարարը» եւ մեզ ստրկությունից փրկեց: Ի՞նչ «հակագաղութային» քայլեր է անում Փաշինյանը՝ հեռացրե՞լ է 102-րդ ռազմաբազան, դո՞ւրս է եկել ՀԱՊԿ-ից, Թուրքիայի եւ Իրանի սահմանին ՌԴ սահմանապահներին փոխարինել է ՀՀ սահմանապահներո՞վ: Ներկայիս իշխանությունը ոչ մի էական հակառուսական քայլ չի արել: Իսկ այս ամբողջ «հակառուսական» հռետորաբանությունը պետք է՝ արդարացնելու համար այն աղետը, որն այդ նույն իշխանությունը բերել է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին:

…Փաշինյանը, որը Հայաստանը տանում է հերթական բաժանման՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, պարզվում է, պայքար է մղում «գաղութացման» դեմ: Այստեղ կարելի է տխուր «սմայլիկ» դնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829