Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի «աչքի լույսը»` Արեւմուտքի «աչքի փուշ»

Փետրվար 08,2024 12:00

ՀՀ տարածքում ԵՄ մոնիթորինգային փոքրաթիվ առաքելության գործունեությունն ավելի արդյունավետ է, քան` Արցախում շուրջ 2 հազար ռուս խաղաղապահների տեղակայումն ու նրանց ներկայության պայմաններում արցախահայության հետ տեղի ունեցածը:

Սկիզբը` այստեղ

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով, Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո հունվարի վերջին հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», – ընդգծեց նա։

Որքան էլ Ռուսաստանից հայտարարեն, թե` «Արեւմուտքը բոլորին է խոստումներ տալիս», սակայն «այդ խոստումները չեն կատարվում», գործնականում փաստ է, որ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դրսեւորման հարցում վերջին ամիսներին զսպող գործ է եղել հենց Արեւմուտքը: Այստեղից են շարունակ հիշեցնում, որ Ադրբեջանի կողմից չհաշվարկված քայլը հետեւանքներ կունենա, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները չեն հանդուրժելու: Ինչ չի կարելի ասել Ռուսաստանի պարագայում:

Հետեւաբար, որքան էլ Ռուսաստանից եւ Հայաստանում ռուսական շահերի սպասարկուների կողմից հնչեն հարցադրումներ` «Արեւմուտքն ինչո՞վ կարող է օգնել», պատասխանն ակնհայտ է, Արեւմուտքն արդեն օգնել է եւ օգնում է, որի հետ չեն համակերպվում ՌԴ-ում եւ Ադրբեջանում: Հայաստանի Հանրապետության տարածքում ԵՄ մոնիթորինգային փոքրաթիվ առաքելության գործունեությունը նույնիսկ ավելի արդյունավետ է, քան Արցախում շուրջ 2 հազար ռուս խաղաղապահների տեղակայումն ու նրանց ներկայության պայմաններում արցախահայության հետ տեղի ունեցածը (չմոռանանք հիշեցնել, որ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջի համապատասխան ենթաբաժնում արցախցիների տեղահանումից հետո, ի կատարումն Ադրբեջանի պահանջների, ՌԴ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության գոտին սկսեց ներկայացվել, որպես` «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»): Սա է, որ հանգիստ չի տալիս Մոսկվային, Անկարային ու Բաքվին, որտեղից շարունակ Հայաստանի քաղաքականությունը վտանգավոր, անգամ կործանարար են որակում արդեն հրապարակավ:

«Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը եւ կայունությանը», վերջերս արդարացավ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մտահոգությանը՝ կապված Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով։

Մինչ Բորելի հայտարարությունը, հիշեցնենք, Բաքվից ամենաբարձր մակարդակով կրկին խոսեցին` «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշելով՝ «եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի»։ Բաքուն անհիմն համարեց Բորելի հայտարարությունները՝ կտրականապես մերժելով դրանք ու համարելով «փաստերի բացահայտ խեղաթյուրում, որոնք անտեսում են Ադրբեջանի օրինական շահերը»։ «Նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները», – նշել էր Հաջիզադեն՝ Բորելին մեղադրելով Ադրբեջանի նկատմամբ «ռազմատենչ եւ ագրեսիվ քաղաքականություն հրահրելու» մեջ։ «Չնայած, միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել՝ համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը եւ կայունությանը։ Ագրեսիայի եւ անջատողականության դեմ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հայաստանի ու Արցախի հանդեպ ագրեսիայի տարբեր դրսեւորումներ գործած Բաքուն իր ամպլուայի մեջ է` Հայաստանին է, փաստորեն, կոչ անում «գործել միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան»: Սա է ստի ու կեղծիքի երկրի ու նրա աջակից երկրների այսօրվա գիծը:

Արեւմտյան կառույցները, մասնավորապես` ԵԽԽՎ-ն էլ գործեց համարժեք: Իսկ ինչ պլաններ ունի Հայաստանը Ադրբեջան պետության պարագայում, բացի «խաղաղության օրակարգը», որը ոչ խաղաղություն է խոստանում, ոչ կայունություն:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը դրվեց, շեշտեցին՝ Բաքվի քաղաքականության պատճառով, Լաչինի միջանցքի արգելափակման ու դրա լրջագույն հետեւանքները հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից, ավելի քան 100 հազար հայ է բռնի տեղահանվել, իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալներն ավելանում են։ ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը կառույցից հեռացնելու իր աննախադեպ որոշման հիմքում ընդգծեց մի շարք պատճառներ, որ ադրբեջանական պատվիրակության ուղիղ պատասխանատվության հետեւանքով է, որ Վեհաժողովի զեկուցողներն անցյալ տարի առնվազն երեք անգամ չեն կարողացել այցելել արգելափակված Լաչինի միջանցք։ ԵԽԽՎ-ն հիշեցրել է, որ Ալիեւի վարչակազմը Վեհաժողովի զեկուցողներին թույլ չի տվել ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների, այնպես էլ Լաչինի արգելափակված միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելություն իրականացնել։ «Սա համագործակցության բոլոր կանոնների հստակ եւ աններելի խախտում է, ինչպես նաեւ փորձ՝ խարխլելու Եվրոպայի խորհուրդը», – նախաձեռնությունը ներկայացնելիս նշել էր Ֆրանկ Շվաբեն: Ինչպես նաեւ ներկայացվեցին Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ եւ ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:

Հունվարի 24-ին, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Փաստաթուղթն ընդունվեց ձայների 76 կողմ, 10 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ էին քվեարկել Թուրքիայի պատվիրակության 9 անդամներ եւ մեկ պատգամավոր էլ Ալբանիայից: Ձեռնպահ էին մնացել երկու պատվիրակ Շվեյցարիայից եւ մեկական պատգամավոր էլ Նորվեգիայից ու Բոսնիա եւ Հերցեգովինայից: Նշյալ որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից եւ այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունն էլ Ստրասբուրգում հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ դադարեցնում է համագործակցությունն այս կառույցի հետ եւ մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ «Այս որոշումը կայացվում է Վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության եւ իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով», – նշեցին հայտարարությունում։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի գնահատմամբ՝ իրենց հեռացնելու որոշումը «Ադրբեջանի դեմ չարամիտ արշավի մաս է»։ Միաժամանակ, Սեիդովն արեւմտյան երկրներին մեղադրել է Ադրբեջանի ընտրություններին միջամտելու եւ կոռուպցիայի մեջ։

Մինչդեռ ադրբեջանցի որոշ փորձագետներ ԵԽԽՎ-ի որոշումը կապում են Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների ջերմացման հետ։ Ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Ալիլիի համոզմամբ` Եվրոպայում շահագրգիռ խմբերը ցանկանում են սահմանափակել օտարերկրյա գործընկերներ ընտրելու Ադրբեջանի անկախությունը. «Այդ խմբերն Ուկրաինայում իրենց ջանքերի օրինակով ձգտում են ազդել եւ խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի՝ արտաքին դաշինքներ ընտրելու հարցում, հույս ունենալով ստիպել Բաքվին հրաժարվել ինքնիշխան արտաքին քաղաքական որոշումներ կայացնելուց»։

Այսպիսով, ադրբեջանական 6-հոգանոց պատվիրակությունը կառույցին մեկ տարով հրաժեշտ տվեց Եվրոպայի խորհրդին միանալուց ուղիղ 23 տարի անց։ Ադրբեջանը կառույցի անդամ էր դարձել 2001թ. հունվարի 25-ին։ Ադրբեջանական պատվիրակությանն այժմ հնարավորություն է տրվել լրացնել բացթողումները, խոսքն այդ թվում դիտորդական առաքելությունների մուտքի թույլտվության մասին է, որից հետո կարող է վերադառնալ Ստրասբուրգ։

Ադրբեջանի իշխանություններն առաջին անգամ չեն սպառնում լքել Եվրախորհուրդը։ 2017-ին, երբ Բաքուն հրաժարվում էր ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին, որի ձերբակալությունն ու կալանքը ՄԻԵԴ-ն ապօրինի էր համարել, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց էր սկսել, որը կարող էր ավարտվել կազմակերպությունից Ադրբեջանի հեռացմամբ: Իլհամ Ալիեւն այդ ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանն ինքը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրոպայի խորհրդից, որին անդամակցությունը միեւնույն ժամանակ համարում էր իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից մեկը։ ԵԽ-ի հասցեին կոշտ հայտարարություններին զուգահեռ, սակայն Ադրբեջանի իշխանություններն այդուհանդերձ որոշեցին ազատ արձակել Մամեդովին:

Ադրբեջանն այս դեպքում էլ ստիպված կլինի հետեւել ԵԽ-ի որոշ հորդորներին: Սակայն տեղի ունեցածը որպես փաստ, անկախ հետագա զարգացումներից, Ադրբեջանին զսպելու քայլ էր:

Ռուսաստանին էլ շարունակաբար արեւմտյան կառույցները, համաժողովները աշխարհաքաղաքական հայտնի պատճառներով հիշեցնում են իր «տեղը»: Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը օրերս հայտնեց, որ այս տարվա փետրվարի 16-18-ը կայանալիք ֆորումին Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները չեն հրավիրվել: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը լուրջ պատրաստակամություն չի դրսեւորում Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»։ «Դրա համար էլ մենք ասացինք, որ հրավիրում ենք ոչ թե Ռուսաստանի կառավարությանը, այլ Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին», – ասել է Հոյսգենը:

Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962թ. գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլայստի նախաձեռնությամբ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»: Այն ամենամյա միջոցառում է: 1999-ից դրան սկսել են մասնակցել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները եւ բիզնեսի ներկայացուցիչները։ Ռուսաստանը ֆորումին մասնակցել է 1990-ականների վերջից։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն հրավիրվել նաեւ 2023թ. ֆորումին:

Անկախ նրանից, թե ինչ շահերով են առաջնորդվում Արեւմուտքում այս պահին Ադրբեջանի նկատմամբ քննադատական գնահատականներով, ինչ քայլեր են հետեւում այդ գնահատականներին եւ որքան շարունակական կլինեն դրանք, Հայաստանի համար այս փուլում շահեկան է, որ Մոսկվան ու Բաքուն երբեմն դիտարկվում են նույն մակարդակի վրա: Նրանց երկուսի գործողություններն էլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի` նույնական էին: Իսկ նրանք, ովքեր Հայաստանում այս ամենը տեսնելով շարունակում են Մոսկվայի հետ համահունչ քննադատել Արեւմուտքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նրանք գիտակցաբար միանում են ընդդեմ Հայաստանի` Մոսկվա-Անկարա-Բաքու բացահայտ ճնշումներին ու անթաքույց սպառնալիքներին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829