Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու սկսել օրը բազուկի հյութով․ 11 առավելություն առողջության համար

Փետրվար 08,2024 09:30

Բազուկը մշտապես համարվել է օգտակար արմատապտուղ, իսկ վերջին տասնամյակներին «սուպերֆուդի» կարգավիճակ է ստացել։ Պատահական չէ, որ կարմիր բազուկի թարմ հյութն ավելի պոպուլյար է դառնում առողջ սննդակարգ նախընտրող մարդկանց շրջանում։ Սույն հոդվածում առանձնացրել ենք բազուկի հյութի օգտագործման մի շարք առավելությունները, ինչպես նաև հակացուցումները։

Ի՞նչ ազդեցություն է գործում բազուկի հյութն օրգանիզմի վրա

1. Նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը

2022 թ․-ի մետաանալիզը ցույց է տվել, որ կարմիր բազուկի կազմում պարունակվող նիտրատները նվազեցնում են սիստոլիկ ճնշումը զարկերակային բարձր ճնշում ունեցող անձանց շրջանում։
Նիտրատները միացություններ են, որոնք արյան մեջ ազոտի օքսիդի են վերածվում՝ նպաստելով արյունատար անոթների լայնացմանը։

2. Բարձրացնում է դիմացկունությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ

2017 թ․-ին անցկացված հետազոտության զեկույցում նշվում է, որ բազուկի հյութի երկարատև օգտագործումը (5-6 օր) բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունն ու աշխատունակությունը․ մասնավորապես ուսումնասիրվել է բազուկի հյութի ազդեցությունը մարզիկների տոկունության վրա, սակայն նշվել է, որ բազուկի հյութի ու կոֆեինի համադրությունն այնքան էլ ցանկալի չէ։

3. Կարող է բարելավել մկանային ուժը սրտային անբավարարության դեպքում

2016 թ․-ի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 7 և ավելի օր օրական 70 մլ բազուկի հյութի օգտագործումը կարող է բարելավել զարկերակային բարձր ճնշում, սրտային անբավարարություն ունեցող տարեց մարդկանց դիմացկունությունը ֆիզիկական աշխատանքներ կատարելիս։
Ինչպես նկատել են հետազոտողները, հետազոտության՝ աերոբային վարժություններ կատարող մասնակիցների դիմացկունությունը բարելավվել է 24%-ով։

4. Նպաստում է քաշի կարգավորմանը

Բազուկի հյութն ունի ցածր կալորիականություն և գրեթե զերծ է ճարպերից․ այն հրաշալի ըմպելիք է օրը սկսելու համար, քանի որ և՛ հագեցնում է քաղցը, և՛ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութեր ու էներգիա է փոխանցում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ բազուկը բավականին հարուստ է բնական շաքարներով։

Երեկոյան ընդունելու դեպքում բազուկի հյութն ամրացնում է նյարդային համակարգը, օգնում անքնության և նևրոզների դեպքում։

5. Ունի հակաքաղցկեղային ազդեցություն

Կարմիր բազուկն իր հագեցած գույնը ստանում է բետալաին ջրալույծ հակաօքսիդանտի շնորհիվ, ինչպես նաև այլ ֆլավոնոիդներ ու պոլիֆենոլային միացություններ է պարունակում, որոնք ունեն հակաօքսիդանտային ու հակաբորբոքային ազդեցություն։
Բետալաինն ու մյուս հակաօքսիդանտները վերացնում են օրգանիզմում առկա ազատ ռադիկալներն ու անկայուն մոլեկուլները, որոնց կուտակումը մեծացնում է բորբոքման ու քաղցկեղի զարգացման ռիսկերը։

6. Օգտակար է քիմիաթերապիա ընդունող մարդկանց համար

Այլ հետազոտություններով էլ պարզվել է, որ բազուկի հյութը կարող է նպաստել քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների, օրինակ՝ հոգնածության թեթևացմանը։

7. Բազուկի հյութը կալիումի լավ աղբյուր է

Բազուկը հարուստ է կալիումով․ այս հանքանյութն ու էլեկտրոլիտը անհրաժեշտ է նյարդերի ու մկանների նորմալ կենսագործունեության համար։ Բազուկի հյութի չափավոր օգտագործումը թույլ կտա պահպանել օրգանիզմում կալիումի անհրաժեշտ մակարդակը, ինչը շատ կարևոր է, քանի որ կալիումի պակասը կարող է հանգեցնել հոգնածության, թուլության ու մկանային ջղակծկումների, իսկ խիստ անբավարարությունը կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծել՝ խաթարելով սրտի ռիթմը։ Մյուս կողմից կալիումի ավելցուկը ևս կարող է նման ախտանշաններ առաջացնելով՝ կրկին կենսական վտանգ ստեղծելով։

Հենց կալիումով հարուստ լինելու պատճառով էլ խորհուրդ չի տրվում բազուկ, բազուկի հյութ օգտագործել երիկամների հիվանդություններ, երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց։

8. Այլ հանքանյութերի հարուստ աղբյուր է

Դժվար է պատկերացնել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն առանց անհրաժեշտ հանքանյութերի, որոնցից շատերը ևս պարունակվում են բազուկի մեջ, բազուկի հյութը մասնավորապես հարուստ է երկաթով, մագնեզիումով, մանգանով, նատրիումով, ցինկով, պղնձով ու սելենով։

9. Բազուկը ֆոլատի աղբյուր է

Ֆոլատը վիտամին B-ն (ֆոլաթթու) է, որը նվազեցնում է հղիության ընթացքում նյարդային խողովակի արատների, վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Ահա թե ինչու բազուկի հյութը լավ ընտրություն կարող է լինել հղիանալ պատրաստվող կանանց և հղիների համար։

10. Նպաստում է լյարդի առողջությանը

Կենդանիների վրա անցկացված հետազոտության համաձայն բազուկի կազմում առկա բետաին հակաօքսիդանտը նպաստում է լյարդի ճարպակալման կանխարգելմանն ու նվազեցմանը։ Բետաինը նաև պաշտպանում է լյարդը թունավոր նյութերից։

11.Նպաստում է խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը

Եթե արյան մեջ բարձր է խոլեսթերինի մակարդակը, ապա խորհուրդ է տրվում բազուկի հյութի օգտագործումը՝ իհարկե, բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Մասնագետները ենթադրում են, որ ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեսթերինի մակարդակի նվազեցումը պայմանավորված է բազուկի կազմում առկա ֆլավոնոիդների և այլ բուսական միացությունների ազդեցությամբ։

Ի՞նչ է պետք իմանալ բազուկի հյութ օգտագործելու դեպքում

  • Բազուկի կամ բազուկի հյութի օգտագործման արդյունքում մեզն ու կղանքը կարող են կարմիր կամ վարդագույն երանգ ստանալ, ինչը վախենալու կամ անհանգստանալու առիթ չէ։
  • Բազուկի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել զարկերակային շատ ցածր ճնշում առաջանալու վտանգը, եթե մարդու սովորական ճնշումը նորմալ է կամ ցածր։
  • Եթե օրգանիզմը հակված է երիկամաքարային հիվանդության, ապա ավելի լավ է խուսափել բազուկի հյութի օգտագործումից, քանի որ բազուկը հարուստ է օքսալատներով, որոնք կարող են մեզի մեջ բյուրեղիկներ առաջացնել՝ հանգեցնելով երիկամներում քարերի ձևավորման։
  • Բազուկի հյութը միակ հյութն է, որը քամելուց հետո խորհուրդ է տրվում 3 ժամ պահել սառնարանում, այնուհետև օգտագործել։ Դրական արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում օրական օգտագործել 1-1,5 բաժակ բազուկի հյութ։
  • Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութի սկզբնական օգտագործումը կարող է գլխապտույտ և սրտխառնոց առաջացնել, ուստի սովորելու համար պետք է սկսել այն խմել գազարի հյութի հետ 1:3 հարաբերակցությամբ, այնուհետ աստիճանաբար ավելացնել բազուկի հյութի չափաբաժինը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829