Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կողմից կարևորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել «Խաղաղության խաչմերուկ»-ում. Արարատ Միրզոյան

Փետրվար 07,2024 22:33

Փետրվարի 7-ին  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝  խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, որոնց արդյունքում առկա ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային համապատասխան ցուցանիշներում։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ կողմից կարևորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ներկայացվել և արժանացել է միջազգային գործընկերների ուշադրությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականների հարցերին՝ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների ու կարիքների հասցեագրման, ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։

Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները:

Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829