Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«էս մի թիքա Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա…այս գիտակցությունը մեր մեջ մտցված է». Փաշինյան

Փետրվար 07,2024 21:45

«Վերջին շրջանում ասում են՝ հարկ վճարող քաղաքացու այս ի՞նչ մեծարում է տեղի ունենում ՀՀ-ում: Ասում են՝ պատկերացրեք պետությունը ուր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է: Էդ մարդիկ չեն հասկանում, որ հարկ վճարող քաղաքացին չլինի՝ իրենք աշխատավարձ չեն ստանա: Առնվազն իրենք իրենց բոլոր աշխատավարձերը պետք է նվիրած լինեին պետությանը: Բոլոր այդ մարդիկ՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացողները ասում են՝ էս ինչ խայտառակություն է, էս պետության հերոսը հարկ վճարո՞ղն է: Ես իրենց անկեղծությանը կհավատամ, եթե մինչեւ հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը վերադարձնեն պետական բյուջե»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա սկսեց թվարկել, թե ինչով են պարտական՝ հարկատուներին. «Բանակը, ԶՈՒ-ն սնում է հարկ վճարող քաղաքացին: Կա հարկ վճարող քաղաքացի՝ կա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի՝ չկա բանակ՝ բառիս բուն իմաստով, չկա կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ, հրացան: Ոչ մի բան: «Պագոն», աշխատավարձ, պարգեւավճար, մեդալ: ՀՀ Ազգային հերոսի մեդալը ձուլում են հարկ վճարող քաղաքացու հաշվին: Կա քաղաքացի, որ հարկ է վճարում, կա Ազգային հերոս»:

Հետո նա նշեց, որ անգամ հերոսների պարգեւատրման արարողությանը, եթե լույս են վառում դահլիճում, էլի հարկատուի շնորհիվ է. «Կարող են ասել՝ ոչինչ, մենք մոմի տակ կտանք: Չկա հարկ վճարող քաղաքացի՝ չկա մոմ, որովհետեւ պետությունը, որն այդ մոմը պիտի առներ, չունի այդ փողը, նույնիսկ չկա այդ լուցկին, որով հնարավոր կլինի վառել: Այո՛, ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որովհետեւ առանց նրա չկա պետություն, չկա բանակ, զինվոր, լեյտենանտ, կապիտան, գեներալ, ոչ մի բան չկա: Կներեք, հազար ներողություն, Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է»:

Հետո Փաշինյանը առաջին անգամ հրապարակային ասաց, թե ինչ է ինքը խոսում աշխատանքային քննարկումների ժամանակ. «Առաջին անգամ կասեմ հրապարակային: Վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, որ խորանում ես, շատ դեպքերում հետեւյալի մասին է…Ես էս վերջերս շատ եմ մտածում ու հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք ասում ենք՝ այ էս Հայաստանի հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա ՀՀ-ի՞նն եք դուք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք ինչ ա, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա: Այս գիտակցությունը մեր մեջ մտցված է: Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ է, է՞ս է հայրենիքը: Այդ վերաբերմունքն էլ, որ ասում ենք՝ ճանապարհը սարքվում է՝ քանդվում է: Ինչ-որ մի ենթագիտակցական մեխանիզմ աշխատում է, որ մենք այ տենց ենք հարաբերվում մեր երկրի, մեր պետության հետ: Սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829