Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության մեջ դրա մատնանշման խնդիրների մասին՝ իր ընկալմամբ. «Լրջագույն խնդիրներ կան քննարկելու: Հռչակագրի նախաբանում 3 հիմնական ուղենիշ է դրված, ուղենիշերից մեկը հայ ժողովրդի իղձերն են, երկրորդը՝ պատմական արդարությունը, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Խնդիրը հետեւյալն է՝ իսկ ո՞րն է պատմական արդարությունը: Կարող է լինել պատմական արդարության տարբեր մեկնաբանություններ եւ պրոբլեմը այդտեղ է:
Մենք պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձեւակերպել ո՞րն է այդ պատմական արդարությունը, որովհետեւ ՀՀ քաղաքական դաշտի տարբեր ուժեր պատմական արդարություն ասելով՝ հասկանում են բոլորովին տարբեր բաներ: Ո՞րն է հայ ժողովրդի իղձը, հայ ժողովուրդը բնակվում է Արգետինայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իրանում, Իսրայելում: Մենք վստահ ենք, որ ՌԴ-ում, ԱՄՆ-ում բնակվող հայ ժողովրդի եւ Իրանի եւ Իսրայելի ժողովրդի իղձերը նույնակա՞ն են, մենք դրանում համոզվա՞ծ ենք: Եվ երրորդը՝ ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը ԼՂ-ի եւ ՀՀ-ի միավորման մասին որոշման, որը հռչակագրի մեջ հիշատակվում է: Մենք ի՞նչ ենք անում, մեր քաղաքականությունը կառուցում ենք դրա վրա՞, եթե այո, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Դա նշանակում է, որ խաղաղություն անհնար է: Հարցը շատ կոնկրետ է ու մենք պետք է այս հարցերին պատասխանենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ