«Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ներկայացուցչի պնդմանը, թե Սերժ Սարգսյանը չի բնակվել Երևանում՝ Տերյան փողոցում 61 շենք 64 բնակարանում և հերքելով, որ նա հանդիսանում է բնակարանի իրական շահառուն, կարծում եմ՝ անհիմն է»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմումի՝ քննության ժամանակ Հակակոռուպցիոն դատարանի դահլիճում հայտարարեց մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց, որ իրենց ներկայացրած գրավոր փաստաթղթերը թույլատրվեն որպես ապացույց ներկայացնելու համար։ Դատախազն առարկեց ու ասաց․ «Միջնորդությունն անհիմն է։ Նշեմ, որ պատասխանողի ներկայացուցիչները հարցումներ են կատարել կառույցներ՝ Սերժ Սարգսյանի հնարավոր եկամուտը պարզելու համար։ Այդ հարցումներով պարզվել են Սերժ Սարգսյանի եկամուտները։
Իրավասու մարմինն արդեն իսկ տիրապետել է այդ թվաբանական տվյալներին, և կիրառվել են այդ հաշվարկներում։ Խոսքը գործուղման ծախսերի մասին է։ Եթե գործուղման ծախսերում երևում են բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, եթե չսպառված գործուղման գումարներ են եղել, դրանք հաշվարկներում ներառվել են։ Իսկ այն գործուղման գումարները, որոնք կանխիկով են տրամադրվել՝ զուտ պետության վարած քաղաքականությունից ելնելով, դրանք հենց ուղղված են եղել գործուղման վերաբերող ծախսերին, դրանք իրավասու մարմինը դիտարկում է նպատակային ծախսեր, և դա չի կարող դիտարկվել որպես եկամուտ»։
Տիգրան Ենոքյանն ասաց, որ հայցվոր կողմը չի վիճարկում, որ Սերժ Սարգսյանը կարող էր բնակվել Ձորափի առանձնատանը, բայց չի առաջնորդվում այն կանխավարկածով, որ անձը, որպեսզի հանդիսանա անշարժ գույքի իրական շահառու, պարտադիր պետք է այդտեղ բնակվի․ «Սերժ Սարգսյանի ներկայացուցչի ներկայացրած փաստաթղթերը չեն վկայում, որ Սերժ Սարգսյանը չի հանդիսանում բնակարանի և ավտոհանգրվանների շահառու։ Սաթենիկ Սարգսյանի կողմից չի ներկայացվել բնակարանի և ավտոհանգրվանների նվիրատվությունների փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ, ու նրա հայտարարությունը չի կարող թույլատրելի լինել և բովանդակային առումով փոխարինել նվիրատվության պայմանագրին։ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությունները ևս թույլատրելի չէ առ այն, որ դրանցով չի փաստվում, որ Սաթենիկ Սարգսյանը բնակարանն ու ավտոհանգրվանը ձեռք է բերել տատերից ու պապերից՝ որպես նվիրատվություն ստացած գումարներով»։
Կարդացեք նաև
Դատարանը որոշեց բավարարել Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների միջնորդությունը։
Ըստ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի՝ իրավասու մարմինը ներկայացրել է պնդում՝ քանի որ չենք կարողացել հայտնաբերել Սաթենիկ Սարգսյանի մոտ իրական եկամուտներ, հետևաբար գույքի իրական շահառուն Սերժ Սարգսյանն է․ «Հարկ ենք համարել մեր կողմից ներկայացված ապացույցների միջոցով այդ պնդումը հերքել։ Իրական շահառու չհանդիսանալու տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, թե անձը տվյալ գույքի նկատմամբ երբևէ որևէ սեփականատիրական իրավազորություն՝ բնակվելու իրավունք իրացրե՞լ է, թե՝ ոչ։ Մնացածի մասով չեմ պատկերացնում, թե զավակի կողմից ծնողին գումար, կամ ծնողի կողմից զավակին գումար վճարման լինելու անհատույց կերպով փոխանցված լինելու մասով ի՞նչ ապացույց լինելու մասին է խոսքը՝ բնականաբար, նվիրատվության պայմանագրեր չէին կնքվելու»։
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակիյանը հայտարարեց․ «Հարցում արվե՞լ է այլ իրավասու մարմիններին պարզելու՝ երբ որդին մորը գումար է տալիս, ՀՀ-ում քանի՞ անգամ են նվիրատվության պայմանագիր կնքել մորը կամ հորը գումար տալուց։ Ես լսում եմ դատախազության դիրքորոշումը և վախենում։ Կամ, երբ տատն ու պապն իրենց թոռնուհուն գումար են տալիս, պիտի պայմանագիր լինի՞։ Եթե կա նման վիճակագրություն, թող վեր հանեն։ Արդյոք հարգելի հայցվորը տեղյա՞կ է, որ Սաթենիկի տատիկն ու պապիկը մահացած են ու չեն կարող գալ դատարան ու հաստատել, որ այդ գործարքները տեղի ունեցել են»։
Տիգրան Ենոքյանն ասաց, որ չունի պատասխան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ