Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկն ասում է՝ հեղափոխությունը Սերժ Սարգսյանն արեց, Սերժ Սարգսյանն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանն արեց, բրիտանական թանգարանում կա՞ թուղթ՝ ով է արել». Փաշինյան

Փետրվար 07,2024 20:25

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու մասին՝ ասաց. «Ես եկել եմ եզրակացության, որ շատ կարեւոր է, որ Սահմանադրությունը ժողովուրդը իրենը համարի՝ իր ձայնով ընդունված: Երկրորդը այսօրվա մեր ամբողջ միջավայրը փոխված է ներքին ու արտաքին, մեր արտաքին հարաբերություններն էլ են փոխված, ներքին հարաբերություններն էլ: Այս Սահմանադրությունը, որն ունենք, գրվել է այլ միջավայրում: Եվ երրորդ՝ Սահմանադրության նպատակն է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին առումով պետությունն ավելի մրցունակ դարձնել»:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին նոր Սահմանադրության հետ կապված՝ Փաշինյանը հեգնեց, թե ի՞նչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ. «Մեր Սահմանադրության մեջ ի՞նչ է գրված, որ պահպանում է կապը պատմության հետ: Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ չկորցնենք կապը մեր ապագայի հետ, սա ավելի կարեւոր խնդիր է: Իսկ կարո՞ղ է այնպիսի Սահմանադրություն գրենք, որ կորցնենք կապը մեր ապագայի հետ: Ո՞նց ենք կապը կորցնելու մեր պատմության հետ, մի հատ բացատրեք: Կարող ենք կորցնենք ապագան, պատմությունը չենք կարող կորցնենք, որ շատ ուզենանք էլ: Մենք պատմությանն էլ մի հատ պիտի անդրադառնանք՝ հասկանանք ի՞նչ է գրված այդ պատմության մեջ, ինչը ինչի համար է գրված եւ ինչքանով է ճիշտ այդ պատմությունը, ո՞ր մասն է ճիշտ, ո՞ր մասը՝ սխալ: Որովհետեւ ով ինչ պատմություն գրում է, մի հատ պատմաբան ասում է՝ սուտ է այս պատմությունը»:

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արձագանքեց՝ միջազգային բազմաթիվ վկայություններ կան, որ մեր պատմությունը ճիշտ է. «Ե՛վ բրիտանական թանգարանում, ե՛ւ Իտալիայում բազմաթիվ պահպանված քարտեզներ կան, որոնք մեր տեղը նշել են»:

Փաշինյանը պատասխանեց. «Պատմությունն ի՞նչ է, ասենք, կես ժամ առաջվա պատմությունն էլ է չէ՞ պատմություն, բայց ամեն ինչ այդպես պարզ չի»: Ըստ վարչապետի, ընդդիմությունն ասում է՝ սխալ եք, ինքն ասում է՝ սխալ չեմ ու ամբողջ պատմությունը դա է. «2018 թվականի հեղափոխությունը նոր պատմություն է, չէ՞, այդ պատմությունից հետո մեկը գրում է՝ Արեւմուտքն արեց, մեկն ասում է՝ Արեւելքն արեց,մեկն ասում է՝ Սորոսն արեց, մեկն ասում է Սերժ Սարգսյանն արեց, Սերժ Սարգսյանն ասում է՝ չէ, Ռոբերտ Քոչարյանն արեց: Եթե բրիտանական թանգարանում տեղ գիտեք, թուղթ, որտեղ գրված է, թե ով է արել էդ հեղափոխությունը, գնանք թուղթն էլ բերենք, կպցնենք մի տեղ պատից ասենք՝ պրծավ ժողովուրդ: Ինչպես մեր, այնպես էլ բոլոր երկրների պատմությունները այդ դիլեմաներով լիքն են: Բոլորն ասում են՝ պետք է պատմությունից դասեր քաղել, բայց ոչ մեկը չի ասում ո՞ր դասը պետք է քաղել պատմությունից: Խնդիրը ճշմարտության մեջ չի, խնդիրը քաղաքական առաջնորդության մեջ է, մարդը այդպես է ընկալում, իր համար դա ճշմարիտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829