Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի գրիֆով փաստաթղթից մեջբերում հրապարակեց՝ ասելով՝ «Խաղաղության պայմանագրում» կա մի համաձայնեցված հոդված, ըստ որի կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց. «Ես հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը, որովհետեւ այստեղից հնչել է հաղորդում հանցագործության մասին: Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել է իր լիազորությունների գերազանցության մասին՝ ասելով, որ Իլհամ Ալիեւի հետ համաձայնեցրել են կետ պայմանագրում, որով իրենց ստորագրած փաստաթղթի վավերականության համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ ներպետական օրենսգիրքը, մինչդեռ ըստ ՀՀ սահմանադրության, միջպետական պայմանագրերի սահմանադրականությունը պետք է քննվի ՍԴ-ում»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, դիմելով ԱԳՆ պաշտոնյաներին՝ ասաց. «Այսօր ԱԺ-ում արտասովոր բան պատահեց: ԱԳՆ պաշտոնյաներ, մյուս անգամ որ հանկարծ համարձակվեք ակնարկեք, թե մեր իրավաբանները Ադրբեջանի հետ փաստաթղթի շուրջ ձեր հարցազրույցները ուսումնասիրում են հետեւանքների հետ կապված, տեղեկացնում եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը գաղտնի գրիֆով փաստաթղթից բառացի մեջբերեց մի կետ: Կարծեմ ադրբեջանական կողմի առաջարկն է եղել այդ դրույթը: Սա ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետեւ որեւէ ՍԴ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող համարել սահմանադրական, որը կհամարվի վեր ՀՀ օրենսդրությունից»:
Փաշինյանը պատասխանեց. «Այդ դրույթը Վիեննայի կոնվենցիայի դրույթ է, որը վավերացվել է նաեւ ՀՀ-ի կողմից եւ այդ վավերացված դրույթը, եթե նույնիսկ պայմանագրի մեջ լինի-չլինի, մեր երկրի կողմից արդեն վավերացված փաստաթուղթ է, եթե հանցանք է այդ դրույթը բերել հայկական իրականություն, ուրեմն այդ հանցանքը մեզնից շատ առաջ է կատարվել, այնպես որ մեր մեջ մի փնտրեք այդ հանցագործներին: Եթե հիմա կոչ եք անում, որ իրավապահները դրանով զբաղվեն, բայց ոնց որ ձեր խմբակցության հետեւից են գալու իրավապահները»: Դահլիճից արձագանքեցին՝ Փաշինյանն արձագանքեց. «Լավ, մեր հետեւից կգան»:
Կարդացեք նաև
Փաշինյան ասաց, որ այդ պայմանագիրը գալու է ԱԺ ու պատգամավորները քննարկելու, քվեարկելու հնարավորություն կունենան. «Ոչ մի արտառոց բան այդտեղ չկա»:
Երբ Գեղամ Մանուկյանը հարցը հնչեցրեց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց, թե ադրբեջանական նարատիվներ են բերում: Գեղամ Մանուկյանը վրդովվեց, թե ՀՀ վարչապետը գաղտնի գրիֆով փաստաթղթից կետ է հրապարակում, դրա շուրջ քննարկում ծավալում, հենց հարց են տալիս, դառնում են ադրբեջանական նարատիվ բերո՞ղ. «Տեսանք ով ադրբեջանական նարատիվը բերեց փաթաթեց մեր ժողովրդի վզին»:
Փաշինյանն էլ արձանագրեց. «Դեպքեր կա՝ ՀՀ վարչապետն ինքն է որոշում ինչն է գաղտնի, ինչը գաղտնի չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ