«Պարոն Փաշինյան, երբ դուք կասկածի տակ եք դնում Սահմանադրության լեգիտիմությունը, դա նշանակում է նաեւ, որ համաչափ կասկածվում է ձեր իշխանությունը։ Եթե այն լեգիտիմ է, ուրեմն ձեր այդ փաստարկը դուրս է գալիս։ Եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին, որ որեւէ միջազգային պայմանագիր չի կարող անցնել օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դուք ասում եք՝ Սահմանադրությանը հակասող՝ նկատի ունենալով 1989 թվականի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումն իրավական ուժ վաղուց չունի, որովհետեւ 1991 թվականին Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող, եւ հետեւաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի»։
Նա նշեց, որ ընդդիմությունն անընդհատ խոսում է Ալմա-Աթայի հռչակագրի վավերացման ժամանակ Հայաստանի խորհրդարանում արված վերապահումներին։ «Դուք անընդհատ ինձ հարց եք տվել՝ բա վավերացման ժամանակ վերապահումներին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Չեմ անդրադարձել, հիմա ուզում եմ անդրադառնալ։ Միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաեւ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ պետք է ծանուցվի ավանդապահին։ Բայց մենք շատ վաղուց հետազոտում ենք այդ հարցը եւ արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետեւաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որեւէ իրավական ուժ չունեն։ Սա այլեւս փաստ է։ Եվ հետեւաբար 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հստակ եւ աներկբա այդ վավերացման եւ հետագա չծանուցման փաստով հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այնպես որ, ձեր ասած խոչընդոտը չկա»,- ասաց Փաշինյանը։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պաշտոնապես անդամակցել է ԱՊՀ-ին։ Եվ դա արձանագրված է նաեւ ԱՊՀ ռեեստրում։ Համաձայն արձանագրության երկրորդ մասի՝ երկրի համար «առկա սահմաններ» արտահայտությունն ուժի մեջ է մտնում իր պաշտոնական անդամակցության պահից։ «Այսինքն՝ անգամ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը դիտարկում ենք Ալմա-Աթայի հռչակագրի, դրա հենքի վրա արձանագրության համատեքստում, 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ ի՞նչ առկա սահման է եղել, ի՞նչ առկա շփման գիծ է եղել։ Այո, ռեեստրում չկա վերապահումը։ Դուք Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձն եք, դուք պետք է հետամուտ լինեք՝ ինչո՞ւ չի հասել այնտեղ, ովքե՞ր են մեղավոր եղել։
Կարդացեք նաև
Միաժամանակ դա չի վերացնում այն վերապահումը, որը կատարել է Հայաստանի խորհրդարանը։ Ավելին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցներում անդրադարձել է նաեւ այդ հարցերին։ Եվ եթե միջազգային հարաբերության շրջանակներում կարիք կա հավելյալ փաստարկումների, սրանք բոլորը հիմքեր են։ Սահմանադրության պրիամբուլան որեւէ ձեւով չի կարող մեկնաբանվել Ադրբեջանից տարածքային պահանջների կոնտեքստում։ Այն ժողովրդին ինքնորոշման իրավունքի՝միջազգային մակարդակով պաշտպանված սկզբունքի իրացումն է մեր ներպետական օրենսդրության մեջ»,- նշեց Մինասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ