Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված․․․»․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 07,2024 19:07

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության առաջարկին, ասաց, որ ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ։

Այն մեկնաբանություններին, որ Սահմանադրության փոփոխություններն արվում են արտաքին ուժերի պահանջով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ձեր նշած թեզի կողմնակիցները հետեւյալն են զարգացնում են, թե սա արվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, եթե նույնիսկ այդ խնդիրները կան, այդ խնդիրները լուծված են, որովհետեւ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար։

Այսինքն՝ այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ։ Բայց ես ասել եմ, որ Սահմանադրությունը, ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաեւ արտաքին հարաբերությունները։ Այսինքն՝ այսօրվա մեր գործող Սահմանադրությունը նաեւ արտաքին հարաբերությունների համար է ուղենիշներ պարունակում։ Եվ, իհարկե, ցանկացած Սահմանադրություն ունի նաեւ արտաքին ազդեցություններ, ո՞վ է ժխտում եւ ինչո՞ւ է ժխտում։ Անընդհատ մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին մտածենք նոր պայմաններում, որովհետեւ աշխարհում ոչ մի բան այլեւս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ շատ են ասում՝ մենք պետական մտածողությամբ ժողովուրդ չենք։ «Եվ ես մտածում եմ, լավ, որտե՞ղ է այն կետը, որտեղ այդ ընկալումը պետք է փոխվի։ Իմ ընկալմամբ՝ այդ կետը Սահմանադրության ընդունումն է ազատ կամարտահայտմամբ, որովհետեւ դա նշանակում է, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը ֆիքսում է իր ապրելու կանոնները։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր բոլոր քաղաքականությունները կառուցի իր լեգիտիմության եւ ինքնիշխանության տրամաբանության մեջ։ Այսինքն՝ մենք պետք է հստակ կանգնենք մեր լեգիտիմության սահմանագծի վրա, մի միլիմետր ոչ հետ գնանք, ոչ առաջ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829