Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով»․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 07,2024 18:50

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծին։

«Ասում եք՝ կառավարությունը հայրենիքը հակադրում է պետությանը։ Բացարձակ այդպես չէ, կառավարությունն ընդամենն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու, հետազոտելու, ըմբռնելու անհրաժեշտությունը։ Երբ առաջարկ է արվում՝ եկեք այս հարցն ավելի լավ հասկանանք։ Եվ պատասխանն է, որ, չէ, պետք չէ այդ հարցը հասկանալ, որովհետեւ ամեն ինչ էլ պարզ է։ Չէ, ոչ մի բան պարզ չէ կամ առնվազն շատ բան պարզ չէ։ Ինչ վերաբերում է հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ վերանվանելուն, այստեղ էլ իմ մեկնաբանությունը շատ պարզ է։ Հասկացություններն իրենց տակ ունեն իմաստներ։ Ես ասել եմ, որ այդ առաջարկի հեղինակը ես չեմ, բայց վատ չէի զգա, եթե ես լինեի։ Ես զարմացած եմ, թե ինչու մենք չենք նկատել դա։ Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ Մենք ուզում ենք մեր պատմության տրամաբանությունը, պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ։ Մենք այդ ռեժիմի մեջ ենք, նույնիսկ ասում են՝ այս պետությունը ընկել է գլխներիս, ստացել ենք, ով տվել է, նա էլ կտանի։ Մենք ասում ենք՝ չէ, եկեք այդպես չմտածենք, այս պետությունը ոչ մեկ չի տանելու, որովհետեւ այդ պետությունն ունի տեր։ Եվ այդ տերը ՀՀ քաղաքացին է»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ հայոց պատմության մեջ Հայաստանն ու պետականությունը դրվագ են, իսկ Հայաստանի պատմության մեջ Հայաստանն առանցք է։ «Ես մարդկանց լսելով՝ մտածում եմ՝ որտեղ է այն կետը, որտեղ այդ ընկալումը պետք է փոխվի։ Իմ ընկալմամբ՝ այդ կետը Սահմանադրության ընդունումն է ազատ կամարտահայտմամբ, որովհետեւ դա նշանակում է, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը ֆիքսում է իր ապրելու կանոնները։ Ինչո՞ւ ֆիքսված չեն այդ ապրելու կանոնները, որովհետեւ հանրային ընկալմամբ մինչեւ հիմա մեր ընդունած ոչ մի Սահմանադրություն չի ընդունվել ժողովրդի ազատ կամարտահայտմամբ։ Այսինքն՝ ժողովուրդը չի արձանագրել իր ապրելու կանոնները, միշտ վերնախավն է իրեն պարտադրել, ասել է՝ դու այսպես պետք է ապրես։ Եվ սա է այն շրջադարձային կետը, որտեղ մենք ասում ենք՝ այ, այդտեղ է Հայաստանի ու հայոց պատմության տարբերությունը։ Ամենակարեւոր խնդիրներից մեկն արտաքին միջավայրում ավելի դիմակայուն եւ ավելի պաշտպանված դառնալն է։ Մենք անվտանգության կոմպոնենտ ապահովելու առումով ասում ենք՝ բանակ, արտաքին հարաբերություններ։ Բայց պետք է նաեւ երրորդ կոմպոնենտն ավելացնենք՝ բանակն ու արտաքին հարաբերություններն ի՞նչը պիտի սպասարկեն՝ պետք է սպասարկեն տվյալ պետության լեգիտիմ շահերը։ Այն պետության այն տարածքում, որը ճանաչված է միջազգայնորեն։ Սա անվտանգության մակարդակը մի աստիճան բարձրացնելուն ուղղված քայլ է»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քո խելքի չգոյությունն է մեր պետականությանը պարբերաբար վնասելու դրվագների հանգեցնում։
    Ուզածդ դասագիրքը որ գրեն, ստացվելու է, որ ադրբեջանցին մեզնից հին ազգ է ու էս տարածքում մեզնից շուտ է բնակվել։ Ստացվում է, որ Հայոց պատմության ներկայիս դասագիրքը ադրբեջանական ցուլի համար կարմիր գույնի էֆեկտ է տալիս ու քո հերթական վախերի արդյունքում նոր դասագիրք ես գրել տալիս, որ ցուլի կատաղությունն անցնի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829