Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ նվիրատվությունների իրական շարժառիթը»․ Թադեւոս Ավետիսյան

Փետրվար 07,2024 18:24

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն անդրադարձավ պետության կողմից տարբեր բիզնեսներում «փայ մտնելու» երեւույթին։ «Օրերս տեղեկացանք, որ հեռահաղորդակցության ոլորտի «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը վաճառվում է, եւ դրա բաժնետոմսերի 20 տոկոսն անհատույց փոխանցվելու է կառավարությանը։ Առաջին անգամ նման գործարքի ականատեսը եղանք 2021 թվականին։ Այս դեպքում եւս ընկերության բաժնետոմսերի վաճառքի զուգահեռ կառավարությանն անհատույց փոխանցեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսը, կառավարությունը դարձավ համասեփականատեր։ Հաջորդը Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագիրն է, բնապահպանական խնդիրները երկրորդային դարձան, որին զուգահեռ կառավարությունն անհատույց ստացավ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսեր 12,5 տոկոսը։

Պետության հետ համատեղ ներդրումային ձախողված օրինակ է «Ֆլայ Առնա» ընկերության հիմնումը, որի 49 տոկոսը պետական է։ Եվ հիմնադրվելուց մեկ տարի անց այն արդեն սնանկանում է։ Այսինքն՝ պարզ ասած՝ պետությունը լավ չի կառավարում, եթե հիմնում է կամ մասնակից է դառնում, տանում է սնանկության։ Ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ նվիրատվությունների իրական շարժառիթը։ Պետությունը գաղտնի ի՞նչ պարտավորություններ է ստանձնել այս գործարքներով, որը հանրությունը չգիտի։ Երրորդ, արդյոք այս գործարքների իրական բնույթը ձեր կողմից բիզնեսում անօրինական փայ մտնել չէ՞՝ հարկային տեռորի գործադրմամբ։ Պոտենցիալ ներդրումների առումով գնահատե՞լ եք արդյոք այն նոր ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնեսներից փայ խլելու հետեւանքով»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մի ժամանակ պետության գույքն էր անհատույց տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում։ Եվ տրվում է ոչ թե համատարած եւ բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյեկտներն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Դուք մոռացե՞լ եք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոնց է սեփականաշնորհվել եւ ում։ Ասում եք՝ փայ մտնել։ Ուղղակի խելագար տրամաբանություն է։ Որ հորեղբորս տղեն մտներ օվշորի, Կիպրոսի չգիտեմ որ փողոցի այսինչ տան անուն-ազգանվան ներքո, ոչ ոք չէր իմանա, կասեին՝ օտարերկրյա ներդրում է։ «Գոլդեն Փելիսը» հիշում եք, չէ՞, որ դահլիճից մեկը կար, ընտանիքի անդամը գնացել էր բացումն անելու, ասում էր՝ սա մեր հերթական օտարերկրյա ներդրողն է, հետո պարզվեց՝ ինքն է ներդրողը»։

Փաշինյանն ասաց, որ «Ամուլսարի» հետ կապված մի կողմից հանրային ընկալման լեգիտիմության խնդիր կա, մյուս կողմից կան ներդրումներ։ Ո՞նց դուրս գալ այս փակուղուց։ «Երբ ասում եք՝ փայ մտնել, ոչ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել։ Սա շատ կարեւոր առանձնահատկություն է։ ՀՀ կառավարությունը որեւէ ոլորտում որեւէ գաղտնի պայմանավորվածություն ու պարտավորություն, որը ՀՀ ժողովրդին հայտնի չէ, չունի։ Մենք այդպիսի դեպք չունենք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի ներդրող, հիմա քո ունեցածի 20 տոկոսը մերն է։ Մենք ունենք դեպք, երբ գալիս է նոր ներդրող, ինքն ասում է՝ ես այս 20 տոկոսը դնում եմ։ Եթե ներդրումային միջավայրը վատն է այդ իմաստով, այդ ո՞վ է ներդրողի ոտքերից ու ձեռքերից քաշել, թե բա՝ արի ըստեղ փող դիր, 20 տոկոսն էլ պիտի ինձ տաս»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829