Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունեք եւ ունենալու եք»․ Աղվան Վարդանյան

Փետրվար 07,2024 17:56

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց․ «Աջ կողմին՝ ապրեք առաջին անգամ: Լավ բան եք անում՝ միջնորդում եք երիտասարդ կանանց, վաստակավոր մարդու կալանավորման ապուշ որոշման դեմ: Բերեք՝ ես էլ ստորագրեմ: Բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունեք: Եվ ունենալու եք:

Վերջերս պատգամավորներով երաշխավորություն էինք ներկայացրել Աշոտյանի համար: Մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից. «Աշոտյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ, ունի տարաբնույթ կապեր՝ այդ թվում Ազգային ժողովում: Կարող է դրանք օգտագործել խոչընդոտելու, միջամտելու համար»: Եվ Դոլմազյանի հանճարեղ, նախադեպային արձանագրումը. «Ազգային ժողովում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող ինը պատգամավորների կողմից Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորությունը»:

Արդարադատության նախարարին. եթե իր վրա կվերցնի, ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի մտքի հակաիրավական թռիչքը և ինչպե՞ս եք մեկնաբանելու հաջորդ՝ աջ կողմի պատգամավորների միջնորդության վերաբերյալ որոշումը»։

Նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ պետք է փաստաբանին տալ հանձնարարական՝ դիմել երկու օղակի։ Մեկը արդարադատության նախարարին կարգապահական դիմում ներկայացնել, ասել, որ իքս դատավորն Աշոտյանի գործով արել է այս կամ այն խախտումը։ «Եթե ինձ չեք վստահում, վստահեք ձեր շատ սիրելի Էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ, որոնք հենց ձեր ընկերների շահերն են պաշտպանում։ Ու տեսեք՝ Էթիկայի հանձնաժողովը արդյոք վարույթ կհարուցի՞, թե՞ չէ։ Ես երեւի առաջին կամ երկրորդ նախարարն եմ, որը շատ հանգիստ ասում է՝ բերեք այդ կարգապահականները, պարոն Վարդանյան։ Համոզված եք, որ խախտում կա, բերեք»,- ասաց Մինասյանը։

Աղվան Վարդանյանն ասաց, որ իր խոսքը միայն Աշոտյանի մասին չէ։ «Առաջարկում եմ ձեզ՝ իմ այս ելույթը, հարցն ընդունել իբրեւ հաղորդում դատավորի հանդեպ նախաձեռնելու համար։ Գնացեք եւ նախաձեռնեք, ես ձեզ բերեցի կոնկրետ դատավորի որոշման մեջբերումը»,- ասաց Վարդանյանը։

Գրիգոր Մինասյանն ասաց, որ քաղաքական ելույթ կարելի է ունենալ առանց հիմնավորումների, ուղղակի մեղադրանքներով՝ նաեւ ընտրազանգվածին գայթակղելու համար։ «Իսկ իրավաբանությունը տարբերվում է հետեւյալով՝ բան եք ասում, գրեք թղթի վրա, բերեք, մենք էլ տեսնենք՝ հիմք կա վարույթի, թե՞ չէ։ Եթե ոչ մենք, ոչ Էթիկայի հանձնաժողովը չգտնեն հիմքեր, նշանակում է՝ ձերը զուտ քաղաքական ելույթ է՝ ի պաշտպանություն ձեր գործընկեր Արմեն Աշոտյանի»,- նշեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829