Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժական լույս». Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է  Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությանը

Փետրվար 07,2024 17:52

«Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ ծանոթանալու նրա «Հավերժական լույս» նոր ստեղծագործության մանրամասներին, քննարկելու այն կյանքի կոչելու ճանապարհները:

«Սա լիբրետո է՝ հիմնված համաշխարհային կոմպոզիտորների երաժշտության վրա. հնչում է Վերդի, Մոցարտ, Վագներ, Պուչինի: Այսպիսով, տարբեր օպերաներից վերցված են հատվածներ և միացված են՝ միախառնելով ժամանակակիցն ու դասականը: Օպերան վերնագրել եմ «Հավերժական լույս», քանի որ ամբողջը կազմված է մի մտքի շուրջ, որի կենտրոնում մարդն է»,- ասել է Փելեշյանը:

Վարպետը օպերայի ստեղծման շուրջ աշխատել է երեք տարի: Նախարար Ժաննա Անդրեասյանի հարցին, թե երբ է ծնվել օպերա գրելու միտքը, Վարպետը պատասխանել է. «Ներշնչանքի աղբյուրը «Հոմոսափիենս» ֆիլմն է, որի սցենարը գրվել է դեռևս 1968 թ.-ին, և աշխատանքները ձգձգվել են մինչև ԽՍՀՄ փլուզում: Սցենարն ամբողջությամբ կա, և գործողությունների որոշ հատվածներ օգտագործված են այս օպերայում»:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետաքրքրվել են ստեղծագործության մանրամասներով, քննարկել պրեմիերայի ժամկետները: Վարպետը համակարգչով ներկայացրել է օպերայի դրվագները, նկարագրել իր պատկերացումներն ու սցենարը:

«Հսկայական աշխատանք է արվել, և պետք է մտածել այն հավուր պատշաճի ներկայացնելու մասին, որպեսզի գաղափարները, որոնք զետեղված են օպերայում, լիարժեք հասնեն հանրությանը,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- կարծում եմ՝ արվեստի տարբեր ճյուղերի շատ հետաքրքիր համադրություն է ստացվել: Դուք ինչ անում եք, նոր ժանր է ստացվում: Ամեն ինչ պետք է անենք, որ այն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում»:

Քննարկվել են առաջիկայում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպելու և ստեղծագործական փուլը սկսելու մանրամասները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արտավազդ Փելեշյանի անվան կինոդպրոց հիմնելու հեռանկարին:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829