Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կյանքում ոչ մեկին մի վատ բան արած չկամ, բացի լավությունից, ինչի համար մնամ անազատության մեջ. Պեմզաշենում մոր եւ երեխաների սպանության գործով մեղադրյալ

Փետրվար 07,2024 17:48

«Մինչեւ այս պահն ինձ թվացել է, որ դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցներ են, հատկապես տիկին Լյուդվիկյանին եմ խոսքս ուղղում: Հակառակ կողմ ասելով, հակառակ կողմի մեջ մտնում եմ նաեւ ես, որպես տուժողի ներկայացուցիչ, կխնդրեմ՝ ասել՝ որտեղ եք մեր կողմից շոու տեսել։ Իսկ եթե սա շոու է, ես ձեզ խոստանում եմ այսուհետեւ էնպիսի շոու ցուցադրել, որ փոշմանեք» ,- ի պատասխան Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիկյանի հայտարարության, թե այս գործի 25 հատորը շոու է ու տուժող կողմը շոուներ է անում, այսպես արձագանքեց տուժողի ներկայացուցիչ փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Ապա կողմերը դատարանին հայտնեցին, որ մեղադրյալների կալանքի ժամկետը փետրվարի 12-ին լրանում է, դատարանը հնարավորություն տվեց կողմերին խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել: Մեղադրող դատախազը միջնորդեց կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով՝ հիմք ընդունելով նրանց փախուստի վտանգը, նոր հանցանք կատարելու ու գործի քննությանը խոչընդոտելու հիմքերը: Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը համաձայնեց մեղադրող դատախազի հետ՝ ասելով, որ որեւէ հանգամանք չի փոխվել, որ դատարանին հիմք կտա փոխել նրանց խափանման միջոցը:

Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել ՝ պնդելով, որ կալանքի ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չկա։ Միջնորդեց կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ գրավ, տնային կալանք, վարչական հսկողություն:

Այս առնչությամբ Արկադի Բարսեղյանն ասաց, որ իր կյանքում ոչ մեկին մի վատ բան արած չկա, բացի լավությունից, ինչի համար մնա անազատության մեջ: Նրա խոսքով, ինքը հալալ քրտինքով ապրել է, Սեւակ Մելիքսեթյանն էլ իրեն շատ լավ է ճանաչում: Ապա խոսքն ուղղելով մյուս մեղադրյալին` շարունակեց. «Ինչքան կարելի է, էս մանկապիղծ, ապացուցված է, որ ինքը մանկապիղծ է, մարդասպան է»

«Լավ»,-ընդհատեց դատավորը:

Վրույր Բարսեղյանի պաշտպանն էլ խնդրեց այլընտրանքային խափանման միջոց ընտրել՝ տնային կալանք: Ասաց՝ գրավ չի կարող միջնորդել, որովհետեւ իր պաշտպանյալը դրա հնարավորությունը չունի: Նա իր խնամքին ունի երեք անչափահաս երեխա:

Վրույր Բարսեղյանն իր պաշտպանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ ասաց՝ որոշակի չափով մեղավոր է ու իր մեղավորությունն իր վրա վերցնում է. «Բայց ես դեղեր եմ խմում, ԱԱԾ-ի հոգեբույժն է նշանակել, մինչեւ հիմա այդ դեղերով եմ յոլա գնում: Հիշողության վրա ազդող, հոգեմետ դեղ է»:

Դատարանը որոշեց մեղադրյալների նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամիս ժամանակով՝ մերժելով պաշտպաններ Լյուդվիկյանի եւ Աղաջանյանի կողմից ներկայացված միջնորդությունները: Դատական նիստը հետաձգվեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829