ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ չորրորդ Հանրապետության վերաբերյալ իր հայտարարությանը։
«Ես չորրորդ Հանրապետություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեմ։ Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, եւ մարդիկ, ովքեր դեմ են, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Ես նույնիսկ չեմ քննարկի այն հարցը, որ ասում են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծիք անել, սահմանադրական հանրաքվեով կեղծել եւ այլն։ Մեր կառավարման օրոք Հայաստանում ոչ մի ընտրություն չի կեղծվել։ Եթե մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծել, ես գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մենք չենք կարողանա դա անել»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ չպետք է շփոթություն առաջանա, թե նպատակ ունեն ինչ-որ բան ջնջել կամ ստեղծել, կառավարությունը եւ կառավարող ուժը չունեն սեղանին դնելու փաթեթ, որ ասի՝ մենք սա ենք առաջարկում։ Դա, ըստ Փաշինյանի, վատ չէ, լավ է, որովհետեւ նախ հանրության մեջ պետք է տեղի ունենան քննարկում, ըմբռնում ձեւավորվի, որ դա կարեւոր է։ Հետո պետք է անցնել բովանդակությանը։
«Ավանդույթ կա, որ փորձ է արվում սահմանադրական փոփոխությունները հարմարեցնել կամ գործող կառավարությանը, կամ գործող կառավարող թիմին, կամ ղեկավարին։ Մեր մտադրություններն այդպիսին չեն եւ չեն կարող լինել։ Դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ