Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կառավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է՝ Միջազգային դատարանում Ալիեւին պատասխանատվության ենթարկելու համար»․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 07,2024 17:15

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց արդարադատության նախարարին։ «Երբ ձեր կառավարությունը ներկայացրեց եւ ձեր քաղաքական մեծամասնությունը վավերացրեց Հռոմի ստատուտը, մեկ հիմնական հիմնավորում էր բերվում առ այն, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, որոնք հանցագործություն են կատարել հայ զինվորների, գերիների նկատմամբ, գլխատել են, պղծել են կին զինծառայողների մարմիններ։ Բանը նույնիսկ նրան էր հասել, որ երբ մենք ընդդիմանում էինք, ասում էինք՝ խորքային պատճառը լրիվ ուրիշ է, այստեղից կարծիքներ էին հնչում, որ Դաշնակցությունը դեմ է, որովհետեւ սա, օրինակ, Հայ Դատի գրասենյակին մրցակցություն կստեղծի եւ այլն։ Ես հրապարակավ մի քանի անգամ արտահայտվեցի, որ ես շատ կասկածում եմ, որ այս կառավարությունը ադրբեջանցի կիրթ եւ կառուցողական իրենց գործընկերների նկատմամբ հետապնդում կսկսի Միջազգային քրեական դատարանում։ Որպեսզի իմ կասկածները հիմնավորվեն կամ ցրվեն, կխնդրեմ տեղեկացնել՝ ձեր կառավարությունն արդյոք որեւէ քայլ ձեռնարկե՞լ է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Վերջիվերջո, մենք հասկանում ենք, որ կին զինծառայողների մարմինը պղծել է ոչ թե ինչ-որ շարքային ասկյար, այլ հենց ինքը՝ Ալիեւը, որովհետեւ իր խրախուսմամբ ու թողտվությամբ է կատարվել այդ ամենը։ Անձամբ ձեր կառավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է՝ Ալիեւին պատասխանատվության ենթարկելու համար»։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ դեռեւս 7 օր է, ինչ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել։ «Բայց ասեմ, որ 7 օր չէ, որ աշխատում ենք, արդեն երկու-երեք ամիս մեր նախարարության մասնագետները Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի գործընկերների հետ պատրաստել ենք նախագիծ՝ օրենսդրական փաթեթ, որի հիմքում ընկած է համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին եւ Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի այն պահանջներին, որը մեզ բերելու է հենց քրեական միջազգային արդարադատության ճիշտ դաշտ։ Դա մեզ տալու է հնարավորություն միջազգային քրեական եւ քննչական օրգանների փորձից օգտվել, մասնագիտական փորձի կիրառում եւ նաեւ ձեր կողմից վկայակոչած ռազմական հանցագործությունների շրջանակներում դրանց բացահայտմանն ուղղված մեխանիզմները կատարելագործել։ Լավ չհասկացա՝ ինչո՞ւմ էր ձեր հարցի սարկազմը, սա կոնկրետ միջազգային պայմանագիր է, որը վավերացրել ենք, որը մեզ հնարավորություն է տալիս ռազմական հանցագործությունների բացահայտման համար միջազգային գործիքակազմ ներառել մեր օրենսդրության ու փորձի մեջ»,- ասաց նախարարը։

Արթուր Խաչատրյանը շարունակեց հարցադրումը․ «Ձեր կառավարությունն անձամբ Ալիեւի դեմ հայց ներկայացնելու է, թե՞ ոչ։ Անձամբ Ալիեւի, որովհետեւ այս ամենի պատասխանատուն եւ մեղավորը Իլհամ Ալիեւն է, նա է ցեղասպանության կազմակերպիչը եւ ցեղասպանություն իրականացնողը։ Դուք ցեղասպան Ալիեւի դեմ հայց ներկայացնելո՞ւ եք, թե՞ ոչ։ Եթե այո, ե՞րբ, եթե ոչ՝ ինչո՞ւ»։

Գրիգոր Մինասյանն արձագանքեց․ «Անձամբ բառը եթե 20 անգամ կրկնեք, ավելի էմոցիոնալ ու դիպուկ չի լինի հարցադրումը։ Հենց միջազգային նման պայմանագրերի վավերացումը եւ ներգործումը պետական համակարգ ստիպում է թե մեր կառավարությանը, թե հետագա բոլոր կառավարություններին գործել հենց միջազգային սկզբունքների համաձայն։ Ի՞նչ է դա նշանակում՝ եթե տեսնում ես հանցագործություն, նախ հնարավորություն ունես մտցնել քո քրեադատաիրավական մեխանիզմներ այլ երկրի փորձագետների։ Եվ եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է նաեւ պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829