2022 թվականին Պեմզաշենում մոր եւ երկու անչափահաս երեխաների սպանության գործով դատական նիստին այսօր ուշացումով ներկայացրին գործով մեղադրյալներին: Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիկյանը դատարանին ներկայացրեց, իր համոզմամբ, ապացույցների այն ծավալը, որոնցով հերքվում են իր պաշտպանյալի մասնակցությունն ու առնչությունը ծանր հանցագործությանը:
Այդ ապացույցներն են Բարսեղյանի՝ որպես ձերբակալվածի, ապա որպես մեղադրյալի ցուցմունքները, որոնցով, պաշտպանի խոսքով, Բարսեղյանը մանրամասն ներկայացրել է դեպքի օրը իր՝ գտնվելու վայրի, իր հետ եղած անձանց, իր գործողությունների եւ 24:00-ի սահմաններում տանը լինելու, տուժողներին ու գործով մյուս մեղադրյալ Վրույրի հետ իր փոխհարաբերությունների մասին, ինչպես նաեւ դեպքի օրը տուժողների ու Վրույրի հետ որեւէ կերպ չառնչվելու մասին:
Անդրադառնալով Վրույր եւ Արկադի Բարսեղյանների առերես հարցաքննությանը՝ պաշտպանը շարունակեց, որ Վրույր Բարսեղյանի ցուցմունքը սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Արկադի Բարսեղյանը դեպքի օրն առհասարակ նրան չի տեսել ու դեպքի վայրում չի եղել:
Այսպես պաշտպանը մեկ առ մեկ անդրադարձավ գործով անցնող վկաների ցուցմունքներին եւ դատարանին խնդրեց, որ իրենց որոշակի վկաներին կրկին հարցաքննելու հնարավորություն տրվի: Պաշտպանի ներկայացրած ապացույցները հիմնականում վերաբերում էին նրան, որ Արկադի Բարսեղյանը դեպքի օրը չի եղել դեպքի վայրում, չի առնչվել Վրույրի ու տուժողների հետ:
Կարդացեք նաև
Պաշտպանի ներկայացրած ապացույցների ծավալից հետո դատարանը դիմեց մեղադրյալ Վրույր Բարսեղյանին՝ հետաքրքրվելով, ցանկություն ունի՞ դատարանում ցուցմունք տալ, ինչին ի պատասխան՝ վերջինս դրական պատասխան տվեց՝ ասելով. «Ես կըսեմ, որ էն, ինչ աշխատել են, սաղ կեղծիք է: Ինչ որ ստեղ ներկայացվեց, չեմ ըսեր սաղ, կեսը սուտ է»։
Ոտքի կանգնեց մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանը՝ հակադարձելու համար, սակայն նիստը նախագահող դատավորը բարկացավ՝ բղավելով նրա վրա. «Ուրեմն նստի: Առաջին, վերջին անգամ լինի առանց իմ թույլտվության որեւէ մեկդ կանգնեք»:
Հետո նույն հարցով դատավորը դիմեց Արկադի Բարսեղյանին, թե ցանկանո՞ւմ է նա ցուցմունք տալ դատարանում, վերջինս ասաց՝ այո՝ հավելելով. «Ինչ ներկայացրել են, սաղ իրականություն է, սրա սաղ ասածները սուտ են»:
Դատավորը կրկին բարկացավ ու բղավեց․ «Նստի՛ր: Երեւի դու լավ չես հասկանում, որ ասում եմ»։
«Երեւի հուզված է»,- պաշտպանեց պաշտպանը, ապա հավելեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ դատարանում կրքեր չբորբոքվեն, որ Բարսեղյանի աջակիցները չգան դատարանի շենքի դիմաց կանգնեն ու կրքեր բորբոքեն, ինչը անում է հակառակ կողմը: Ըստ փաստաբանի, 25 հատորանոց գործը շոու է, իսկ իր պաշտպանյալին վերաբերող մասը մանուֆակտուրա:
Զարինե Մելիքսեթյանի ազգականներից մեկը սկսեց արտասվել ու բղավել պաշտպանի ասածներից վրդովված, նրան դուրս տարան դահլիճից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ