ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց ուղղեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ մի շարք գործերով կալանք կիրառելու վերաբերյալ։
«Մի շարք դրվագներով քննարկվել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու այն դեպքերը, որտեղ կա մտավախություն, որ դա շատ հաճախ ցուցմունք կորզելու պատժիչ մեթոդ է կիրառվել։ Կան որոշ դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց ուղղակի անհասկանալի է։ Ես՝ որպես երկու տարեկան երեխայի մայր, սարսափած եմ վերջերս տեղի ունեցած մի շարք դրվագներով, որոնք ոչ միայն վերաբերում են «Սիներջի» ընկերության աշխատակիցներից երկուսին, այլ մինչ այդ էլ իմացա, որ վերջերս Տաթեւ Արցախցու նկատմամբ կրկին կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ կա անչափահաս երեխա։ Ես ուզում եմ ձեր դիրքորոշումը, եկեք միասին մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք այս խնդրի դեմն առնել»,- ասաց Սոնա Ղազարյանը։
Կարեն Անդրեասյանն ասաց, որ հարցի մեջ արդեն կոնկրետ օրինակներ կան։ «Հետեւաբար, ինչքան էլ անձնապես այս գործով կամ մեկ այլ գործով մեզ մտահոգի իրավիճակը, երբ ես դրա մասին խոսում եմ, դա կարող է լինել օրենքի կոպտագույն խախտում, եւ դա կարող է ընկալվել որպես ճնշում կոնկրետ դատավորի վրա։ Այս ամբիոնից թե իմ խոսքը, թե ձեր խոսքը կարող է շատ վտանգավոր դառնալ օրինականության տեսանկյունից։ Վերանալով իսկապես ցանկացած կոնկրետ գործից՝ ես կարող եմ ասել դասագրքային ճշմարտություն, որ կալանքը ոչ պատժիչ միջոց է, ոչ էլ առավել եւս ցուցմունքներ ստանալու միջոց։ Ցանկացած նման պրակտիկա ուղղակի անընդունելի է, եւ ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ որպեսզի պատգամավորները չունենան կրկնվող հիասթափություններ դատական իշխանությունից, իսկ դատական իշխանությունն էլ չպախարակվի խմբային, մի լուծում կա սրան՝ բոլոր անհանգստացնող առանձին գործերով հորդորենք կողմերին, փաստաբաններին՝ օգտվել ձեր իսկ ընդունած օրենսդրությունից։ Դիմել երկու վարույթ հարուցող մարմիններին՝ Էթիկայի հանձնաժողովին, որն ընդհանրապես կապ չունի գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ եւ արդարադատության նախարարին, որը կապ ունի օրվա իշխանության հետ։ Երկուսից որեւէ մեկին կարելի է դիմել՝ ըստ ընթացակարգերի, որպեսզի հասկանանք՝ որեւէ դատավոր շեղվե՞լ է իրավակիրառ պրակտիկայից եւ ձեր ընդունած պրակտիկայից։ Դրանից հետո ԲԴԽ-ում հաստատ կլինի արդար ու արժանի պատասխան նման շեղումներին»,- ասաց Կարեն Անդրեասյանը։
Նա հավելեց, որ այս հարցում օրենսդիրն այլեւս անելիք չունի։ «Ավելին, այս հարցում Վճռաբեկ դատարանն էլ բավական մեծ ճանապարհ է անցել եւ ձեւավորել է այնպիսի նախադեպային իրավունք, էլ չասեմ, ՄԻԵԴ-ի մասին, որը հստակ սահմանումը տալիս է։ Բայց ամեն գործով, ամեն իրավիճակում դատավորը միեւնույն է ունենալու է հայեցողության շրջանակ, եւ մենք երբեք չենք կարող դա վերջնական խլել դատավորից»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ