Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գիտնականներն ավելի կուշտ են՝ սպանես, ծպտուն չեն հանի». Սասուն Գեւորգյան

Փետրվար 07,2024 16:24

Aravot.am-ի հարցերին պատասխանում է նախկին Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը

–  Պարոն Գեւորգյան, մեր վերջին հարցազրույցում ասացիք՝ «Իսկ այս վերջին գիտաշխատողների անբովանդակ աշխատավարձերի բարձրացումը, ինչում կհամոզվեք տարեվերջին, պարզապես սոցիալական խնդիր լուծեց՝ փոքրացնելով կամ զրոյացնելով քննարկման հնարավոր մասնակիցների շրջանակը։ Տարին ավարտվել է, գիտնականների աշխատավարձերի բարձրացումը իսկապե՞ս անբովանդակ էր։

–  Ես էլ հույս ունեի, թե հարցնելու եք արվեստի գործիչների կոչումների մասին՝ նկատի ունենալով 1200-ից ավել «լայք» ստացած իմ հոդվածը, բայց երևի ճակատագիր է, գիտության մասին մենախոսությունը պետք է շարունակեմ։ Ինչպես միշտ, եկեք սկսենք թվերից։ Նկարում բերված են վերջին մի քանի տարվա հայաստանյան գիտության թվերը ըստ Web of Science ամենահեղինակավոր շտեմարանի։ Գիտական հոդվածների քանակը ըստ տարիների։

Web of Science-ը սկսել է հաշվի առնել նույնիսկ կիսահայտնի հայկական ամսագրերի մի մասում տպագրված հոդվածները։ Ընդհանուր թվերի քանակը մի քիչ ավելացել է, բայց միտումը հասկանալի է։ Հիմա եթե փորձենք այս ամենը կապել գիտնականների աշխատավարձերի բարձրացման հետ, ի՞նչ հետևություն կանեք…

-Հոդվածների թիվը պակասել է, բայց կարո՞ղ է որակն է բարձրացել։

– Գիտության չինովնիկներին պաշտպանության համար հո՞ղ եք նախապատրաստում: «Միգուցե, կարող է»-ներով նրանք են ամեն ինչ տանում դատարկաբանության…Չէ, չի կարող՝ դա էլ թվերով կարելի է ցույց տալ։ Նկարում բերված են հայաստանյան գիտական հոդվածների վրա եղած հղումների թվերը ըստ նույն շտեմարանի։

Սա կուտակային ցուցանիշ է, այսինքն` ամեն տարի 2018-ին տպագրված հոդվածների վրա եղած հղումները գումարվում են։ Այստեղ բնութագրական է կորի տեսքը։ Եթե 2018-2021 թթ․ հղումների աճը ստաբիլ է, այսինքն` կուտակումը գնում է նույն տեմպով, ապա դրանից հետո տեմպերն ընկնում են։ Եթե սրան էլ ավելացնենք, որ ամենաշատ հղում ունեցող հոդվածների առաջին հարյուրյակի մեջ այսպես կոչված կոլաբորացիոն աշխատանքներ են և չկա ոչ մի «մաքուր հայաստանյան» հոդված՝ պատկերն ամբողջանում է։ Որակն էլ չի լավացել։ Եթե լավատես գտնվենք, ապա կարելի է ասել, որ աշխատավարձերի բարձրացումը մեծ վնաս չի տվել։ Սոցիալական խնդիր է լուծել, ինչ կանխատեսում էի։

–  Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ սոցիալական խնդիր է լուծվել։

-Գիտնականներն ավելի կուշտ են՝ սպանես, ծպտուն չեն հանի։ Իշխանությունները երկիրն են տանում դեպի կործանում՝ գիտության մարդկանց ձայնը չեմ լսել։ Նույնիսկ «ակադեմիական քաղաք» անհեթեթության դեմ առանձնապես չեն բողոքում, չնայած տնային տնտեսուհիներն էլ հասկանում են, որ սրանք գնում են դեպի համալսարանական գիտության ուղղությամբ։

-Դուք դե՞մ եք նման մոտեցմանը։ ՀՀ ԳԱ նախագահությունից արդեն մի քանի ելույթ է եղել նոր առաջարկներով։ Օրինակ․․․

– Այ այստեղ՝ «ստոպ», լսել եւ կարդացել եմ ուշացած առաջարկանման մտքերը։ Ոչ մի ցանկություն չունեմ դրանք քննարկելու։ Առաջարկի հիմնական լեյտմոտիվն է՝ «մի բան էլ մեզ թողեք, որ ղեկավարենք»։ Ինչո՞ւ, որ ի՞նչ լինի՝ ոչ մի փաստարկ։ Տարիներ շարունակ առաջարկում էի ստեղծել երկու գիտական կենտրոն՝ մեկը բնական գիտությունների, մյուսը հայագիտական։ Իրական գործող 120-150 գիտնականով հազիվ այդքան «ձգենք»։ Սարքել են 8-9 կենտրոնի պահանջ՝ որ ի՞նչ լինի։ Մի ուրիշ չինովնիկ էլ ակնհայտ սուտ թեզ է շրջանառության մեջ դրել՝ որպես ակադեմիական գիտության պաշտպանության փաստարկ։ Իբր ակադեմիական ինստիտուտները տալիս են ամենաշատ արդյունքը։ Որպեսզի չանվանեմ սուտ կամ հիմարություն՝ նորից նկար։

Վերջի 6 տարում հոդվածների թվերն են։ Ամբողջ ակադեմիան իր բազմաթիվ ինստիտուտներով մոտավորապես այնպիսի արդյունք ունի, ինչպիսին Երևանի ֆիզիկայի ինստիտուտինն է։ Իսկ ԵՊՀ-ն ու բժշկականն իրար հետ ավելի շատ արդյունք ունեն։ Հետևություն անեք, որ համալսարանական գիտությո՞ւնն է «լավը»։

Սուտ խոսելու, խնդիրները ձեւակերպելու անկարող լինելու վերջն էլ սա էր։ Միակ հույսը, որ իշխանափոխություն լինի, եւ մոռանան այդ անիմաստ «ակադեմիական քաղաք» եզրույթը։ Բայց դա էլ դեռ փրկություն չէ, բանիմաց ու գրագետ մարդիկ են պետք։ Բայց ընտրողների միաբջիջ բիոզանգվածը նրանց չի սիրում։ Ոչինչ չունեմ ավելացնելու…

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829