Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականը Արտակ Գալստյանին ավագանու մանդատից զրկելու մասին․ «Ոչ ջենթլմենական ու ոչ սոլիդար քայլ կլինի անազատութան մեջ գտնվողին զրկել մանդատից»

Փետրվար 07,2024 16:10

«Ինձ մոտ տպավորություն է, որ ժողովրդավարության բաստիոն ՔՊ կուսակցությունը նախընտրում է պատժել ընդդիմադիրներին, ու բացակայություններն ավելի կարեւոր են, քան օրինակ «Հանրային ձայն» կուսակցությունից երկուսին, որոնցից մեկը անազատության մեջ է, մյուսը՝ օրենքից փախել է»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստում մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը։

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «կողմ» ձայները բավարար չէին Զարուհի Փոստանջյանին եւ Գեւորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար։

Ավագանու չորս անդամներին մանդատից զրկելու որոշման նախագծերը ներկայացրել է ՔՊ խմբակցությունը, իսկ Սոնա Աղեկյանի դեպքում՝ «Հանրապետություն» խմբակցությունը։

Հայկ Գրիգորյանը, նշենք, որ նկատի ուներ «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Արտակ Գալստյանին, որը կալանավորված է եւ Տիգրան Ուրիխանյանին, որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել դեռ 2022-ին։

«Այսինքն` իրենց հարցը չի բերում ներկայացնի այս կուսակցությունը, որովհետեւ ձեր նշած իրավական հիմքերով պետք է լինի գործուղում ու հիվանդություն հարգելի բացակայելու համար։ Այսինքն, հետախուզման մեջ գտնվելը հարգելի եք համարում։ Ուզում եմ հասկանալ՝ օրենքից փախչող, հետախուզման մեջ գտնվողը ձեզ համար ավելի՞ հարգելի բացակայություն է, քան քաղաքական բոյկոտը»։

ՔՊ-ից Լեւոն Լեւոնյանն էլ ի պատասխան ասաց՝ կարող եք պատրաստել նախագիծը, բերել, կքննարկենք․ «Ինչ վերաբերում է այդ խմբակցության անդամներից մեկին, դա ոչ ջենթլմենական ու ոչ սոլիդար քայլ կլինի անազատութան մեջ գտնվողին զրկել մանդատից։ Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվողին, կխնդրեմ դուք լինեք նախաձեռնողը, մենք կողջունեք»։

«Այստեղ հարցը ձեր փոխարեն իմ անելը չէ։ Ձեր քաղաքական ուժն է կոալիցիայի հետ ներկայացրել նախագիծը, երբ նստել եք ու որոշել այդ հինգին զրկել մանդատից, մտածե՞լ եք, որ կան նաեւ այսպիսի կատեգորիայի մարդիկ, ի՞նչ եք մտածել, թե՞ այդ մարդիկ արդեն կլիենտուրա են։ Ուզում եմ հասկանալ ձեր հզոր մտքի թռիչքը»,-ասաց Գրիգորյանը։

Նրան արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Ձեզ համար այս տրամաբանությունը իրոք բարդ ընկալելի կարող է լինի, որովհետեւ երբ խոսքը գնում է մի մարդու մասին, որը կալանավորված է, բայց դատապարտված չէ դեռեւս, եւ մարդը ֆիզիկապես հնարավորություն չունի գալու այս նիստերին՝ կալանավորման բերումով, ի տարբերություն ձեր խմբակցության անդամ Հայկ Մարությանի, որը բոլոր հնարավորություններն ուներ լինել լավ ավագանու անդամ։ Նա այդ հնարավորությունները մսխեց՝ բացակայելով բոլոր նիստերից ու քվեարկություններից»։

Գրիգորյանն ուզում էր արձագանքել, սակայն Ավինյանը թույլ չտվեց։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829