ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին:
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:
Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության եւ ընդհանուր արժեքների վրա:
«Հայ-հունական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, մինչդեռ միջխորհրդարանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի: Անհրաժեշտ եմ համարում խթանել մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունը նաեւ փոխադարձ այցերի ձեւաչափով»,- նշել է ԱԺ նախագահը:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում երկու խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրով հունական աջակցությունն Ազգային ժողովին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձեւաչափին:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին:
Խրիստոս Սոֆիանապուլոսը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությունը:
«Հունաստանը ողջունում եւ սատարում է Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ այն հիմնված է միջազգային իրավունքի, իրավասության վրա եւ իրականացվում է դիվանագիտական ճանապարհով: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է դեսպանը: