Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սրբադասել անկախության նահատակներին. Արմեն Աշոտյան

Փետրվար 07,2024 15:42

PostNikol.Ի՞նչ անել ազգ մնալու համար (Մաս 14-րդ)

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվող պայքարը, նախևառաջ, արժեհամակարգային է, քաղաքակրթական է, իսկ մնացածը` սարքած պատերազմը, դիտավորյալ պարտությունը, ադրբեջանական անպատասխան ագրեսիան, Արցախի հայաթափումը, ներքաղաքական բախումները և այլն, ընդամենը հայ ժողովրդի համակարգային ոչնչացման դրսևորումներից են:

Փաշինյանի վերջին ամիսների գործողություններն էլ ավելի բացահայտ և ուղիղ են, ներառյալ` նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը:

Ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակների անհաջողությունները Նիկոլին հեռացնելու փորձերի ընթացքում բացատրվում են նաև այս հանգամանքով.միայն քաղաքական գործիքակազմով հնարավոր չէ հաղթել քաղաքակրթական պայքարում: Ակնհայտ է առավել ընդգրկուն պայքարի մոդելը, որի հիմքում պետք է դրվեն հայ ժողովրդի «ով» լինելու թարմացված բնութագրիչները: Պատկերավոր ասած` Փաշինյանը 2018-20թթ.ներթափանցեց հայի ինքնության տաճարը, 2020-ի պատերազմի ընթացքում Ալիևի հետ միասին պայթեցրեց այդ տաճարի հենասյուները, իսկ դրանից հետո փորձում է մաքրել «շինհրապարակը» փլատակներից և քանդել նրա ֆունդամենտը: Առաջացած վակուումը նա լցնելու է սպառողական մտածելակերպով օժտված, հոգևորն ուրացած և կենսաբանական կարիքները գերակա համարող «քաղաքացիներով»:

«Նոր Սահմանադրության» դավադրությանը, որ անթաքույց թուրք-ադրբեջանական հերթական օպերացիան է Փաշինյանի կատարմամբ, պետք է հակադրել ոչ միայն քաղաքական գործիքակազմ, այլև ասիմետրիկ նախաձեռնություններ` արժեքների, սիմվոլների, խորհրդանիշների դաշտում:

Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ ցանկանում եմ հանդես գալ այս հոդվածում: Առաջարկս գուցե ուշացած է, բայց ստեղծված իրավիճակում՝ արժեհամակարգային պատերազմի այս թեժ փուլում, կարող է ոչ միայն արդար և հիմնավորված լինել, այլև խիստ էֆեկտիվ:

Առաջարկում եմ դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը: Խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի.2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:

Առաջարկի հիմնավորումներն ակնհայտ են.

1.Հայրենիքի համար նահատակվելը

2.Նահատակների սխրանքները վերարժևորելը

3.Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը

4.«Հանուն ոչնչի զոհվեցին» փաշինյանական թեզի դեմն առնելը

5.Հայաստանի և Արցախի համար պայքարի կարևորությունը վերահաստատելը:

Այս շարքը կարելի է շարունակել` լիարժեք քննարկելով մտահղացումը հանրային, հասարակական, եկեղեցական, քաղաքական շրջանակներում: Լսել բոլոր փաստարկներն ու հակափաստարկները, և դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը քանիցս ապացուցել է, որ Հայոց Եկեղեցին աննկուն է Աստծո, Հայրենիքի և ժողովրդի համար մղվող իր առաքելության մեջ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

06.02.2024թ.

Աղբյուրը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829