«Քաղաքական հետապնդում է, հստակ քաղաքական որոշում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց մանդատից զրկված «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված էր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Որոշումն ընդունվեց։
Ըստ Սոնա Աղեկյանի՝ ավագանու անդամների՝ մանդատից զրկելու ցուցակը կազմել է անձամբ Նիկոլ Փաշինյանը․ «Իրագործում են իր կատարածուները։ Սա պետք է մնա միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։ Այս պահին հրավիրում եմ ՄԻՊ-ի ուշադրությունն այս հարցի վերաբերյալ, որ միանգամից նույն խմբակցությունից կարող են զրկել 4 անդամի՝ իրենց քմահաճույքով։ Մենք նիստերին ներկա ենք եղել, հնարավոր է՝ չենք քվեարկել կարմիր կետագծերին, բայց չենք քվեարկել, որ մեր քաղաքացիները չդառնային տուգանքի առարկա։ Բնականաբար, կողմ չենք լինելու այն թանկացումներին, որոնք պատրաստվում են։ Մենք դեմ ենք քվեարկելու։ Իրենք, չունենալով մանդատ, քաղաքացիների վստահության քվե, մեր քաղաքացիների ձայները փորձում են մեզնից փախցնել, չթողնել, որ մեր ընտրողի ձայնն ավագանիում բարձրացվի»։
Հարցին՝ եթե տրանսպորտը թանկանա, «Մայր Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ բողոքի ցույցերին, նա պատասխանեց․ «Մայր Հայաստան» դաշինքը միանշանակ դեմ է եղել թանկացմանը։ Մենք ամբողջական իշխանափոխության նպատակով ենք եկել Երևանի ավագանի․ այնպես չէր, որ երազում էինք ավագանու անդամ դառնալ։ Եկել ենք, որ լծակ ունենանք ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար»։
Կարդացեք նաև
Սոնա Աղեկյանը հիշեցրեց՝ իրենց խմբակցությունը ձմռան ցրտին իրազեկել է երևանցիներին, որ կարմիր կետագծերը դառնում են 160 հազար դրամ․ «Ակցիաներ էլ ենք կազմակերպել, նույն տրամաբանությամբ դեմ ենք լինելու ավտոբուսների, մետրոյի, տրոլեյբուսի ուղեվարձի թանկացմանը։ 180-500 դրամ են տատանվում այդ թանկացումները, այն դեպքում, երբ մատուցվող ծառայությունների որակը չի համապատասխանում այն գներին, որոնք իրենք առաջարկում են»։
Հարցին՝ կմասնակցե՞ն տրանսպորտի թանկացման դեմ Հայկ Մարությանի ու իր թիմի կողմից կազմակերպվելիք ցույցերին, Սոնա Աղեկյանը պատասխանեց․ «Խմբակցությունը կունենա համապատասխան նիստ, կհասկանանք։ Մենք մշտապես դեմ ենք եղել բոլոր թանկացումներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ