2022 թվականին Պեմզաշենում մոր եւ երկու անչափահաս երեխաների սպանության գործով դատական նիստն այսօր ուշացումով սկսվեց՝ կալանավորներին ուղեկցող դասակի ոստիկաններ չլինելու պատճառով: Պարզվում է՝ ուղեկցող դասակի ոստիկանները սակավաթիվ են, ծանրաբեռնված են աշխատում:
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատեց, որ օրենքով մեկ կալանավորին ուղեկցելու համար նախատեսված է երեք ուղեկցող ոստիկան, բայց տվյալ դեպքում հազիվ մեկ ոստիկան է գտնվելու երկու կալանավորներին ուղեկցելու համար:
Հանրային մեղադրողն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ շեշտելով, որ մեկ ուղեկցող մեքենա է նրանց ուղեկցում դատարան, իսկ տվյալ դեպքում արդյոք ապահովված են հնարավոր բոլոր պայմանները, որ երկու մեղադրյալները մեկը մյուսի վրա ազդեցություն չունենան:
«Կարծում եմ՝ անհրաժեշտություն կա ղեկավար մարմնին գրություն հասցեագրել՝ հասկանալու, արդյոք պահվո՞ւմ է միմյանց հետ չշփվելու ու անջատ պահելու սկզբունքը, չեմ բացառում, որ մի մեղադրյալի կողմից մյուսի վրա ազդեցություն անելու փորձ արվի» ,- ասաց մեղադրող դատախազը:
Կարդացեք նաև
Նրա հայտարարությունից հետո նիստը ընդմիջվեց, մինչեւ կալանավորներին դատարան հասցնեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ