Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիում ապրելու դրական նախապայմաններից մեկն այստեղ որակյալ առողջապահական ծառայություններ ստանալն է». Մեղրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Փետրվար 07,2024 15:10

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 6-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մհեր Աբրահամյանին․ նա այս պաշտոնում է նշանակվել փետրվարի 1-ին՝ մարզպետի № 43-Ա որոշմամբ։ Նույն որոշմամբ տնօրենի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանն ազատվել էր պարտականությունների կատարումից։

Պարոն Աբրահամյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել էր հենց Մեղրու ԲԿ-ից, ու տեղացիները քաջ ծանոթ են նրա մասնագիտական որակներին։ Այնուհետև աշխատել է նաև Սպիտակի և Գորիսի ԲԿ-ներում, մասնագիտությամբ վիրաբույժ է։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Լուսինե Վարդանյանին՝ ԲԿ-ն ղեկավարելու տարիներին կատարած աշխատանքի համար ու շնորհավորելով ներկա պաշտոնակատարին՝ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք մաղթեց նրան։

Մարզի ղեկավարը նաև խնդրեց ԲԿ-ի կոլեկտիվին ամեն հարցում աջակցել նրան՝ նշելով, որ որպես պաշտոնակատար Մ․ Աբրահամյանի հաջողելու գործոնը մեծապես կախված է անձնակազմի յուրաքանչյուր անդամից։ «Մարդու համար Մեղրիում ապրելու դրական նախապայմաններից մեկն այստեղ որակյալ առողջապահական ծառայություններ ստանալն է, և պետք է համախմբվեք ու միասնական ուժերով աշխատեք բժշկական կենտրոնի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Շնորհավորանքի խոսք ասացին նաև Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ԲԿ-ն տասը տարի ղեկավարած Լուսինե Վարդանյանը։

Մհեր Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության ու այս պաշտոնում իրեն նշանակելու համար, նշեց, որ տնօրենի պարտականություններին զուգահեռ այստեղ կշարունակի մասնագիտական աշխատանքը, որը Մեղրիում շատ անհրաժեշտ է։ Նա խնդրեց ներկաներին ամեն ինչ անել բնակչության առողջության պահպանման համար և խոստացավ աշխատանք տանել, որպեսզի մեղրեցիները տեղում ստանան առողջապահական այն ծառայությունները, որ հնարավոր է ու չգնան այլ տեղեր։ Այսպիսով՝ տնօրենի նոր պաշտոնակատարը իբրև առաջնահերթություն կարևորեց համայնքի բնակչության վստահության վերականգնումը ԲԿ-ի հանդեպ։

Հանդիպման ընթացքում Սյունիքի մարզպետը պատասխանեց նաև բուժանձնակազմի անդամներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին բժշկական կենտրոնի գործունեությանը։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829