Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ օրենքն ընդունվել է հին իշխանությունների կողմից, որն ընդունել էին ընդդիմությանը վերահսկողության տակ պահելու համար։ Իսկապես ամոթ է»․ Հայկ Մարությանը՝ իրեն մանդատից զրկելու հիմքերի առիթով

Փետրվար 07,2024 15:03

«Տիգրան Ավինյանին հեռացնելու մեթոդներից մեկը քվորում չապահովելն է երեք ամսվա ընթացքում և գնալ նոր ընտրությունների»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա փաստմամբ՝ դրա համար պետք է ամբողջ ընդդիմության մասնակցությունը․ «Եթե «Հանրային ձայնից» մնացած բեկորները ծախվել են ուղնուծուծով, շատ դժվար է լինելու, դրա ուղղությամբ պետք է աշխատել։ ՔՊ-ն աշխատել է այդ ուղղությամբ, քանդել «Հանրային ձայնը», մենք էլ պիտի «Հանրային ձայնին» խոսք տանք, ասենք, եթե հավատացյալ եք, այն աշխարհում ձեզ լավ է լինելու»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Հայկ Մարությանը զրկվեց մանդատից՝ 34 կողմ, դեմ՝ 0 ձայներով։

Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշման նախագիծը ներկայացնում էր ՔՊ-ից Արմեն Գալջյանը, որը հայտարարեց՝ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում (2023 թվական) տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, Հայկ Մարությանը մասնակցել է զրո քվեարկությունների, այսինքն՝ նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երեւանի քաղաքապետարան չեն ներկայացվել:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց՝ այդ օրենքն ընդունվել է հին իշխանությունների կողմից, որը նրանք ընդունել էին ընդդիմությանը վերահսկողության տակ պահելու համար․ «Անգամ իրենք, որ այդքան իրենց դեմ պայքարում էին, անգամ իրենք չէին օգտվում այդ օրենքից։ Սա իսկապես ամոթ է»։

Լրագրողները Հայկ Մարությանին հիշեցրին՝ չի եկել նիստերին, մինչդեռ իր ղեկավարած խմբակցության անդամները մասնակցել են և հարցրին՝ Ձեր բոյկոտի իմաստը ո՞րն էր, նա պատասխանեց․ «Էնքան քաղաքական գործընթացներ չեն եղել մեր երկրում, որ և′ լրագրողները, և′ ժողովուրդը չգիտի, թե ինչ է քաղաքական գործընթացը։ Կա խմբակցություն, որը նիստի ժամանակ կայացնում է որոշումներ։ Այո, խմբակցության ղեկավարը՝ որպես գլխավոր մարդ, լիդերը բոյկոտում է, և դա պետք է տեսանելի լինի։ Բոյկոտը լինում է նաև միայնակ։ Դժվար է ձեզ բացատրել, որովհետև մարդիկ գնում են, միայնակ հացադուլ են անում։ Դա բոյկոտի մի ձև է․ խմբակցության լիդերը չի գալիս ընդհանրապես։ Դա որոշում է։ Մյուսները ներկայանում են, նախօրոք մշակված ելույթներն ասում, իսկ ես իմ կարծիքը նման ճեպազրույցների ժամանակ արտահայտում եմ»։

Մյուս հարցին՝ իսկ ինչո՞ւ Հայկ Մարությանի ընտրողները չեն եկել, դռներ չեն կոտրում, նրա իրավունքները չեն պաշտպանում, Երևանի նախկին քաղաքապետը պատասխանեց․ «Իմ խնդրանքն էր մեր խմբակցության անդամներին, որ էմոցիաներին չտրվեն, մանդատներ հանձնել պետք չէ, մեր պայքարը շարունակենք, մնանք դիրքերում։ Բնականաբար, հարյուրավոր մեր աջակիցներ են ասել, որ գանք, պաշտպանենք, բայց ասել եմ՝ ժողովուրդ, պետք չէ ոչինչ անել, հանգիստ օրենքի սահմաններում շարունակում ենք»։

Հայկ Մարությանը նաև նկատեց՝ ժամանակին ռադիոյի շենքի գրավման ժամանակ հին իշխանությունները կարող էին օրենքի սահմաններում այս ամենը կազմակերպել, բայց ոչինչ չարեցին։ Ու նշեց՝ ամենաուժեղ հեղափոխականները հին իշխանություններն են եղել․ երկիրը հասցրել էին այն վիճակի, որ այդ հեղափոխությունը եղավ։

Հարցին՝ մեծ քաղաքականություն մտնելո՞ւ եք, վարչապետի թեկնածու առաջադրվելո՞ւ եք, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մեր աջակիցներն արդեն բազմաթիվ խնդրանք, պահանջներով են հանդես եկել, որ մենք մեր կուսակցությունը պետք է ունենանք, և այդ գործընթացի մեջ ենք։ Կունենանք կուսակցություն և, բնականաբար, կուսակցությունն անպայման պետք է մասնակցի ՀՀ բոլոր կարևորագույն քաղաքական գործընթացներին։ Անպայման պատրաստվելու ենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին, եթե չլինեն արտահերթ ընտրություններ, որոնց մասին խոսակցությունները տարածում են իշխանությունից։ Քանի որ ես լինելու եմ կուսակցության ղեկավարը, ես առաջադրվելու եմ՝ որպես թեկնածու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829