Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ու Ադրբեջանն էլ մեզ են թշնամի ընկալում, լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու»․ Ալեն Սիմոնյան

Փետրվար 07,2024 14:44

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում իշխանությանը կոչ արեց տեղի-անտեղի Դաշնակցության անունը չտալ։ «Տարիներ ի վեր, չունենալով պետական միավոր, Դաշնակցությունը 2018 թվականին մայիսյան հերոսամարտերից հետո ստեղծել է Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը։ Ես մինչեւ այսօր չեմ տեսել, որ ձեզնից որեւէ մեկը գնահատի այդ արժեքը։ Եղել են թերություններ, նոր ստեղծված պետություն է եղել, բայց մեղադրել Դաշնակցությանը, դաշնակցականներին, որ իբր դուք մեր հայրենիքը սիրում եք ավելին, դա ծիծաղելի է։ Ծիծաղելի է, որ դուք այս ամբիոնն օգտագործում եք մաքուր թուրքական, ադրբեջանական թեզերն այս ամբիոնից բարձրացնելու համար։ Մենք 1918 թվականի հերոսամարտից հետո ստեղծել ենք ՀՀ, եւ դա արժեք պետք է լինի։ Ազգի բացառիկ համախմբման եւ այդ ժամանակվա նվիրյալների շնորհիվ ունեցել ենք հերոսամարտեր եւ դրա արդյունքում ստեղծել ենք պետականություն։ Դրա հիման վրա ստեղծվել է նաեւ սովետական հանրապետություն եւ մեր երրորդ Հանրապետությունը»։

Ըստ Դանիելյանի՝ ՀՀ քաղաքացիները վախի մթնոլորտում են ապրում, որ վաղը-մյուս օրը հարձակում տեղի կունենա ՀՀ նկատմամբ․ «Թուրքիայում ու Ադրբեջանում բացեիբաց այդ մասին հայտարարում են, ձեր առաջարկը ո՞րն է։ Մեր առաջարկը հետեւյալն է՝ կարողանալ դիմադրություն կազմակերպել։ Եվ դիմակայենք այն ծրագրերին, որոնց մասին առավոտից երեկո հայտարարում են մեր երկու թշնամի պետությունները։ Այո, Թուրքիան ու Ադրբեջանը հարեւան պետություններ չեն, թշնամի պետություններ են, մեր երեխայի գլուխը կտրող բռնապետը չի կարող մեզ այստեղ որեւիցե բան պարտադրել»։

Գառնիկ Դանիելյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Որեւիցե մեկը չի ասում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր հանդեպ, դա փաստ է։ Եվ նաեւ պետք է արձանագրենք ու ֆիքսենք՝ բա մե՞նք ինչպես ենք տրամադրված այս վերջին, կարելի է ասել, 100 ամյակի ընթացքում, հասկանալի պատճառներով, մեր հարեւան երկրների նկատմամբ։ Նույն ձեւ թշնամաբար ենք տրամադրված եղել եւ նույնպես թշնամի ենք հանդիսանում մեր հարեւանների համար։ Իրենք էլ մեզ ենք այդպես ընկալում։ Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց․ «Ասում եք, որ մենք բերում ենք, թուրքական, ադրբեջանական ինչ-որ բաներ ենք ասում։ Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրենք հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ եւ չի էլ կարող պատրաստ լինել՝ էլի օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Դա է ընդամենը։ Այսինքն՝ կա իրողություն, որն ստեղծվել է պատերազմից հետո։ Ես նույնպես ասել եմ, որ հաճախ ընդդիմության գործելաոճը եւ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են։ Եվ կապ եմ տեսել դրա մեջ։ Բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից, կարո՞ղ է մենք նաեւ մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրներն օգտվում են այս իրավիճակից, եւ մենք դա չենք նկատում։ Եվ ես խոսում եմ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին։ Երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալներն ունենք, այո, մենք էլ մեր սխալներն ունենք։ Իսկ կարող է այդ սխալների մեջ մտնում է նաեւ այն, որ օգտվում են, եւ մենք դա չենք նկատում եւ ջո՞ւր ենք լցնում իրենց ջրաղացին։ Անում ենք մենք այդ բանը՝ չհասկանալով։ Բավական է մի հատ ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները վերցնում են այդ նարատիվը։ Լրատվամիջոցներն ընդհանրապես տվել անցել են բոլոր չափանիշները, այսինքն՝ իրենք ինչ-որ բան են հորինում, հետո մոտենում հարցնում են՝ ճի՞շտ է, որ ըտենց բան կա։ Դե արի ապացուցիր, որ այդպես չէ։ Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր՝ թշնամաբար տրամադրված հարեւանների ջրաղացին»։

Նա, դիմելով ընդդիմությանը, ասաց․ «Դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը, ոչ թե մենք։ Ի՞նչ եք արել վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցության վարկանիշի հետ։ Ո՞նց ստացվեց այնպես, որ ԱԺ գումարման այս Դաշնակցության կազմը, որը կա, ամենամեծն է, այն էլ պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո՝ դաշինքի միջոցով։ Ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունը 1990-ականներից գնալով մսխեց իր ունեցածը։ Ձեր գործունեությամբ։ Բա մի հատ վերաիմաստավորեք, քննարկեք Մարտի մեկից հետո Դաշնակցության պահվածքը, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը։ Գիտենք չէ՞, որ մարզպետների տեղակալների պաշտոններ էին բացվում, որպեսզի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը պաշտոններ տրվեին։ Նույնը Արցախում՝ Դաշնակցությունն այնտեղ, կարելի է ասել, իշխանություն էր վերցրել, եւ մի փոքր ժամանակ անց ի հայտ եկավ այն փաստաթուղթը, որով Լեռնային Ղարաբաղը լուծարվեց»։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ քանի դեռ «Հայաստան» դաշինքն ԱԺ ամբիոնից բարձրաձայն չի ասել՝ «Այո, մենք արել ենք այս սխալները, արել ենք Մարտի մեկ, կեղծել ենք ընտրություններ», Դաշնակցությունը հաջողության չի հասնի․ «Եթե նոր ընտրություններ լինեն, ես չգիտեմ, ՔՊ-ն գուցե շատ քիչ ձայներ հավաքի, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է եւ չի անցնելու ԱԺ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829